Իմ Հայաստան ծրագիրը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը տեղական զբոսավարներին վկայականներ են շնորհել


Իմ Հայաստան ծրագիրը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը տեղական զբոսավարներին վկայականներ են շնորհել

  • 24-05-2018 16:31:39   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի 31 մարզային զբոսավարների վկայականների շնորհումն, առ այն, որ նրանք ավարտել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և հրավիրված դասընթացավարների և հավատարմագրված զբոսավարների կողմից իրականացված ինտերակտիվ դասընթացների կուրսը։ Դասընթացը կազմակերպվել էր «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ 
 
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների տնօրեն Սերգեյ Թանթուշյանը իրենց խոսքով հանդես եկան միջոցառման բացմանը։
 
 
- ԱՄՆ կառավարությունը երկու տասնամյակից ավելի աջակցում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը` երկրի տնտեսական աճին և գյուղական զարգացմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի շրջանակում: Զբոսաշրջիկները հաճախ են այցելում մարզեր Երևանյան զբոսավարների ուղեկցությամբ: Այս դասընթացի, ինչպես նաև ավելի շատ պրակտիկայի և այցելուների հետ անմիջական շփման շնորհիվ մեր ծրագրի մարզային մասնակիցները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները և զբոսաշրջիկներին հետաքրքրաշարժ պատմություններ ներկայացնել` հավելելով դրանք տվյալ վայրի յուրահատկություններով, - նշել է ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն տիկին Գրիսերը:
 
- «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է Հայաստանի ամբողջ տարածքում կայուն և դինամիկ տուրիզմի զարգացմանը։ Այդ պատճառով մարզային մասնագետների գիտելիքների զարգացումն առաջնահերթ է ծրագրի համար։ Միջազգային և հայ զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են մարզային զբոսավարներին, այսպիսով նրանց մատուցած ծառայությունների և գիտելիքի որակը ուղիղ ազդեցություն ունի այցելուների տպավորությունների և որոշումներ կայացնելու վրա։ Այս միջոցառումը կոչված է արժևորելու և ևս մեկ անգամ հիշեցնելու մասնակից զբոսավարներին, թե ինչ արժեքավոր ազդեցություն ունեն Հայաստանի տուրիզմի զարգացման գործում, - ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար՝ Սիսակ Մխիթարյանը։
 
- Զբոսավարներն այն դեսպաններն են, ում ուսերին ընկած է ծանր և պատասխանատու աշխատանք՝ պատշաճ ներկայացնել Հայաստանը և հայկական զբոսաշրջության պրոդուկտները, որն էլ հետագայում ազդեցություն են թողնում այցելուի որոշում կայացնելու հարցում: Կարծում ենք, որ զբոսավարների կարողությունների` շուկայի պահանջարկին համահունչ լինելը, այցելուներին պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայությունների մատուցման առաջնային պայմաններից է, - ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
 
- Երբ Հայաստանի ամերիկյան համալսարանին հնարավորություն ընձեռվեց զբոսավարներին դասավանդելու ծրագիր մշակել, մենք հասկացանք, որ սա իրական հնարավորություն է փոփոխություններ կատարելու համար։ Մենք ջանք չենք խնայել, որպեսզի ծրագիրը դառնա կատարյալ և համոզված լինելու, որ սովորողները ստացել են միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտելիքներ։ Հուսանք, որ մեր ճիգերը կբերեն շոշափելի արդյունքներ, և մասնակիցները կկարողանան հաջողությամբ առաջնորդել այցելուներին գեղեցիկ Հայաստանի թաքնված ճանապարհներով, - ասաց Սերգեյ Թանթուշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների տնօրենը։
 
Մարզային համայնքներում մրցունակ աշխատուժի և հավելյալ աշխատատեղերի ստեղծման նպատակով «Իմ Հայաստան» ծրագիրը նախաձեռնել էր Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի մասնագետների համար վերապատրաստման դասընթաց։ Երեսունմեկ համայնքային մասնագետներ մասնակցել էին ամենօրյա ինտերակտիվ դասընթացներին՝ ստանալու գիտելիքներ հայոց պատմության, մշակույթի, ճարտարապետության, ազգագրության, հնագիտության, բնության և կենդանական աշխարհի, բնապահպանական խնդիրների, ինչպես նաև զբոսավարի էթիկայի և մասնագիտական այլ հմտությունների վերաբերյալ։ 
 
-Զբոսավարների վերապատրաստման ծրագիրը յուրահատուկ հնարավորություն եր իմ համար սովորելու զբոսաշրջության ոլորտի տեղական և միջազգային մասնագետների ղեկավարության ներքո։ Այժմ ես կարող եմ ավելի լավ ներկայացնել իմ քաղաքը և հայկական մշակույթը։ Կիրառելով բոլոր հմտությունները և մեթոդները, ինչպես նաև լայն շրջանակի գիտելիքները , որոնք մենք ստացել ենք, անշուշտ կօգնի մեզ ավելի տպավորիչ պատմելու մեր պատմությունները և ավելի շատ այցելուներ ներգրավել,- ասաց Լիզա Գասպարյանը, դասընթացի մասնակիցը Շիրակի մարզից։
 
«Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժինն արդեն 18 տարի հանդիսանում է Կրթության և ուսուցման ծրագրերի կենտրոն՝ առանձնահատուկ դիրք գրավելով Հայաստանում և տարածաշրջանում։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն