Առողջապահությունը, ոնց որ շատ հարցեր Հայաստանում, երբեք գերակայություն չի եղել. Պետք է փոխել փիլիսոփայությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ



24-05-2018 17:21:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Առողջապահությունը, ոնց որ շատ հարցեր Հայաստանում, երբեք գերակայություն չի եղել բոլոր մակարդակներում՝ սկսած ամենաբարձրից վերջացրած ամենացածրով: Մեր խնդիրը փիլիսոփայությունը փոխելն է՝ առողջապահությունը դիտել որպես չորս կարևորագույն ուղղություններից՝ պաշտպանություն, արտաքին գործեր, սոցիալական ապահովություն, մեկը, ես հաստատ չորրորդը կդնեի առողջապահությունը»,- նման կարծիք կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Ըստ նրա, եթե փիլիսոփայությունը փոխվի, ապա նույն տեղական ինքնակառավարական մարմինների մակարդակով փողոցը տաս անգամ ներկելու փոխարեն հավանաբար կնախընտրեն վերանորոգել պոլիկլինիկան: 
 
Ա. Թորոսյանի համոզմամբ՝ այդ սկզբունքով գործելու դեպքում մարզերում և գյուղական համայնքներում պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավման հարցերը կլուծվեն: 
 
Պատասխանելով լրագրողի հարցին կապված բուժաշխատողների աշխատավարձերի հնարավոր բարձրացման հետ՝ նախարարը նշեց, որ այդ հարցն առաջնահերթությունների թվում է. «Մենք ունենք առաջնային օղակի հիմնական բժիշկներ, որոնց աշխատավարձը շատ ցածր է, պոլիկլինիկական անձնակազմի մասին է խոսքը, որի մասով հիմա մտածում ենք, որ բուժաշխատողներին էլ կարելի է տրամադրել սոցփաթեթ կամ ինչ-որ չափով բարձրացնել աշխատավարձը (նախարարը, սակայն խնդրեց լրագրողներին սա չներկայացնել որպես վերջնական լուծում): Այս որոշումներին կհանգենք միայն այն ժամանակ, երբ որ բոլոր անարդյունավետ ծախսված գումարները ետ կվերադարձնենք»: 
 
Ա. Թորոսյանի խոսքերով՝ դա կլինի մեկ-երկու ամսում:
 
Բացի այդ, նախարարը տեղեկացրեց, որ արդեն համապատասխան ստուգումներ է սկսել որոշ տեղերում, որպեսզի հասկանա՝ արդյո՞ք այդ գումարները ծախսվում են, թե «նկարվում»: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից