Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան՝ գյուղացիների համար առանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու. վարչապետ


Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան՝ գյուղացիների համար առանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու. վարչապետ

  • 24-05-2018 17:14:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ: «Ես որոշում եմ կայացրել և դիմել եմ Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ուզում եմ ասել, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Այսօր մինչև օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի պաշտոնում զինված ուժերի նոր նշանակում, և վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Իշխան Կարապետյանից հետաքրքրվել է մայիսի 10-ին և 16-ին «Ռոսսելխոզնադզորից» ստացված նամակներից, այդ ուղղությամբ ծառայության իրականացրած գործողություններից: Իշխան Կարապետյանը նշել է, որ այդ նամակները կրում են պարբերական բնույթ, և աշխատանքային կարգով հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջների խստիվ պահպանմամբ:
 
«Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Առաջիկայում գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են, գյուղացիների շահերի հետ կապված կոնկրետ խնդիր կա: Ես խնդրում եմ Ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունները անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով: Սա առաջնահերթ խնդիր է, որը կառավարությունը պետք է լուծի»,-նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է նոր խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար արտահանման գործում: «Կառավարությունը, նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որպեսզի նրանք այդ բոլոր պայմանները և պահանջները կատարեն, փաստաթղթավորումը տեղի ունենա արագ, առանց ձգձգումների և խոչընդոտների: Այսինքն՝ նկատի ունեմ, երբ ասում ենք տարրական կանոնները պետք է պահպանել, դա չի նշանակում՝ գյուղացիների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն