Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի. Նիկոլ Փաշինյան


Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի. Նիկոլ Փաշինյան

  • 24-05-2018 17:41:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու համար: 
 
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարևորել է ոլորտում այդ ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: 
Անդրադառնալով հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, բարեփոխումները շատ կարևոր են, բայց վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատաիրավական համակարգի էությունը, ցավոք, շատ չի փոխվել: Ես կարող եմ արձանագրել, որ մենք հիմա արել ենք արդեն իսկ ամենակարևոր բարեփոխումը մեկ օրվա ընթացքում: Արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և ընդհանրապես որևէ կառավարական և իշխանական կաբինետից, որևէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր խնդիրն է, և ես ուզում եմ հույս հայտնել՝ այն փաստը, որ Բաղրամյան 26-ից հրահանգներ չեն գնում դատարաններ, որևիցե մեկն այս իրավիճակը չի փորձի օգտագործել այլ հասցեներից նման կոմունիկացիաներ ստեղծելու համար: Սա ամենակարևոր բարեփոխումն է, որ պետք է արդյունք տա և մենք պետք է ՀՀ-ում բացառենք ընդհանրապես քաղաքական հետապնդումները և քաղբանտարկյալների առկայությունը, որովհետև այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ, ինչքան էլ ՀՀ-ում իշխանությունները դա ընդունել կամ չեն ընդունել»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն