Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց. Նա առաջին հերթին այցելելու է Գարեգին Չուքասզյանին և հնարավոր է միանա նրան
24-05-2018 18:00:22 | Հայաստան | Իրավունք
Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Լրագրողի այն հարցին, թե առաջինը ուր է գնալու, Կ. Եղնուկյանը նշեց, որ այցելելու է Գարեգին Չուքասզյանին և հնարավոր է միանա նրան:
Նրա խոսքերով, եթե չկարողանա Չուքասզյանին համոզել դադարեցնել հացադուլը, ապա նույն պահանջով հնարավոր է ինքը ևս հացադուլ սկսի:
«Հեղափոխությունն իր մեջ պարունակում է, ինչպես Գարեգին Չուքասզյանն է ասել, բաստիլի քանդումը: Իսկ մեր թավշյա հեղափոխությունը, քանի որ դասական հեղափոխություն չէ, գնում է այդ ճամփով, բայց այդ ճամփան շատ կամաց է: Եվ բաստիլի քանդման այս կամաց ճամփան մարդկանց մեջ, ժողովրդի մեջ սպասելիքը չի հերիքում: Երեկվա Ժիրիայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը վարչապետին հենց դա էր ասում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դատական համակարգը դեռևս կաշկանդված է:
Կ. Եղնուկյանը նշեց, որ համամիտ է վարչապետի հետ այն մասով, որ չպետք է դատավորներին հրահանգներ տալ, սակայն գործընթացի երկարաձգումը շատ վտանգավոր է: