Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը


Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

  • 24-05-2018 18:07:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել է 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո: 2018-2019 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով նախատեսվում է 140 տեղ, իսկ դոկտորանտուրայի կրթական ծրագրով՝ 13 տեղ: Կառավարության անդամները համաձայնության են եկել վերոնշյալ որոշումները հաստատելու շուրջ՝ նշելով, որ հետագայի համար նման դեպքերով պետք է առաջնորդվել պետության, այլ ոչ թե բուհի կարիքները գնահատելով:
 
 
 
Այլ որոշումներ
 
 
 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը: Օրինագծով առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես՝ օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելիս, կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առաջարկնների բացակայության դեպքում, կառավարության ներկայացուցիչը պարտադրված չի լինի հանդես գալու հարակից զեկուցմամբ:
 
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար: 
Գործադիրը քննարկել է Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի հաշվետվությանը՝ ծրագրով նախատեսված պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների մասին: Վարչապետի առաջարկությամբ հարցը չի դրվել քվեարկության՝ ոլորտում առկա իրավիճակն առավել մանրամասն քննարկելու և գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: 
 
Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել է տուգանքների համաներման գործընթացից: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն