Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը, ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում․ Արա Բաբլոյան
Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը, ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում․ Արա Բաբլոյան
25-05-2018 12:42:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հայաստանի եւ Արցախի սիրելի շրջանավարտներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին եւ ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ:
Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները, որոնցով ձեզ դաստիարակել են ձեր ուսուցիչները: Այսօր նաեւ նրանց տոնն է: Նրանք են ձեզ ուղեկցել գիտելիքների աշխարհ, ձեզ դաստիարակել որպես մարդ եւ քաղաքացի: Միշտ պահպանեք ձեր հոգիներում սերմանված բարին ու գեղեցիկը, իսկ դժվարին պահերին ապավինեք նրանց խորհուրդներին ու պատգամներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր բոլորը շնորհավորում են ձեզ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Դրանցում խտացված են այն հույսերը, որոնք մենք կապում ենք ձեզ եւ ապագայի հետ: Դո՛ւք եք կառուցելու վաղվա Հայաստանը եւ կերտելու ազատ ու ժողովրդավար հասարակություն: Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը, ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում:
Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն, գիտելիքները հարստացնելու հետեւողական ձգտում, առողջություն, երջանկություն եւ ամենայն լավն ու բարին: Թող իրականան ձեր բոլոր հույսերն ու երազանքները, ապագայի բոլոր ծրագրերը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: