Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 12 կրթօջախներում և 143 հիմնական դպրոցներում տեղի են ունեցել վերջին զանգի միջոցառումներ


Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 12 կրթօջախներում և 143 հիմնական դպրոցներում տեղի են ունեցել վերջին զանգի միջոցառումներ

  • 25-05-2018 14:42:18   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ «Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են եղել քաղաքապետի տեղակալները:
Մասնավորապես, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այցելել է Երևանի Ալ. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը: Քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ նա շնորհավորել է շրջանավարտներին այս հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց բարի երթ մաղթել:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա էր քաղաքապետարանի ենթակայության Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասին: Միջոցառման ավարտին քաղաքապետի տեղակալը սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագիր է հանձնել կրթօջախի արդեն նախկին տնօրեն Հռիփսիմե Դավթյանին, ով, տարիքային սահմանափակման գործոնով պայմանավորված, վայր է դրել տնօրենի լիազորությունները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ այցելել է քաղաքապետարանի ենթակայության հ.181 հիմնական դպրոց և ներկա գտնվել վերջին դասին:
Նշենք, որ վերջին զանգի միջոցառումներ են տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 12 կրթօջախներում և 143 հիմնական դպրոցներում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն