Վերջին զանգի մասնակիցները ավտովթարի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց․(ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ).shamshyan.com


Վերջին զանգի մասնակիցները ավտովթարի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց․(ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ).shamshyan.com

  • 25-05-2018 16:02:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող պաշտպանության նախարարության ծառայողները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները։
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորոյւթյամբ։
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը։ 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը