Սյունիքում դավադրություն է հասունանում. ահազանգ


Սյունիքում դավադրություն է հասունանում. ահազանգ

  • 25-05-2018 17:45:50   | Հայաստան  |  Վերլուծություն

«Եթե մեկ ամսում Վահե ավազակապետն ու իր գործակիցները չեն ձերբակալվել, ուրեմն հեղափոխությունը տեղապտույտ է տալիս կամ շեղվել է իր սկզբնական ուղուց կամ Սյունիքի հետ կապ չունի». ահազանգում են քաջարանցիները Նիկոլ Փաշինյանին
 
Այսօր առավոտյան մի խումբ քաջարանցիներ են այցելել «Սյունյաց երկրի» խմբագրություն:
Քաջարանցիները խնդրում են տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեռնագործների քաղաքում մեկնարկ է տրվել մի գործընթացի, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Քաջարանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար:
Ըստ նրանց՝ Մհեր Պոլոսկովն անձամբ է այցելել Քաջարանի համայնքապետարան եւ տեղի իշխանությունների հետ քննարկել ամբողջ մարզում ստորագրահավաք սկսելու հարցը:
Քաջարանից սկիզբ առած ստորագրահավաքը ստույգ նպատակ ունի՝ խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ա) հանդուրժել Վահե Հակոբյանի հետագա պաշտոնավարումը Սյունիքի մարզպետարանում, բ)թույլատրել նրան, հակառակ դեպքում, վերադառնալու «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերություն` առնվազն գլխավոր տնօրենի առաջին տեղակալի կամ վարչական տնօրենի կարգավիճակով:
Քաջարանցիները պնդում են, որ ձեռնարկված ստորագրահավաքը չի բխում ոչ լեռնագործների, ոչ համայնքի ու հանքարդյունաբերական ընկերության, ոչ էլ Սյունիքի մարզի ու երկրի շահերից:
Ստորագրահավաքը Մհեր Պոլոսկովի, ավազակախմբի մյուս անդամների, սալյարկա գողացողների շայկայի հերթական դավադրությունն է ընդդեմ Քաջարանի եւ Սյունիքի, ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 
Լեռնագործներին վերջին երկու օրը ստորագրության են քշել ստիպողաբար, գրեթե այնպես, ինչպես ժամանակին քվեարկության են քշել համայնքապետի ընտրության, խորհրդարանական ընտրության, սահմանադրական հանրաքվեի համար:
Ստորագրահավաքին ավելի շատ մարդ ընդգրկելու նպատակով Մհեր Պոլոսկովը հրահանգել է 200 հոգուց դիմում վերցնել՝ աշխատանքի ընդունելու համար:
Դիմումատուները, ովքեր իբր աշխատանքի կընդունվեն հուլիսի 1-ից հետո, պետք է ստորագրեն վարչապետին ուղարկվող պետիցիայի տակ, ինչպես եւ խոստանան առաջիկա մեկ ամսում փողոց դուրս չգալ, եթե Կապանից կամ Երեւանից լրագրողներ կամ բնապահպաններ այցելեն Քաջարան:
Ըստ խմբագրություն այցելած քաջարանցիների՝ Քաջարանից մեծ գումար է ուղարկվել Կապան, Սիսիան, Գորիս, Մեղրի՝ հօգուտ Վահեի ստորագրություններ առնելու համար:
Ստորագրահավաքին զուգահեռ, արհկոմի նախագահի պատասխանատվությամբ, կազմակերպվում է տարեց մարդկանց վարձու ջոկատ, ովքեր պետք է վարչապետի Քաջարան գալու դեպքում (շրջանառվում է խոսակցություն Նիկոլ Փաշինյանի Քաջարան կատարելիք այցի մասին) մոտենան Նիկոլ Փաշինյանին (անկեղծ մարդկանց, երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց կեցվածք ընդունած) գրկեն նրան, մի քիչ էլ «հուզվեն ուրախությունից» եւ իբր անուղղակի, իբր անկեղծ, իբր իմիջիայլոց, իբր ինքնաբուխ շշնջան՝ փառք տալով Բարձրյալին, որ Վահե Հակոբյան ու Մհեր Պոլոսկով գործիչներ կան աշխարհում: Այդ պահին, ըստ հաստատված սցենարի, մի քանի երիտասարդ աղջիկ պետք է մոտենան վարչապետին եւ հնչեցնեն. «Մենք խնդիր չունենք Վահե Հակոբյանի հետ», «Ես ճանաչում եմ Պոլոսկովին ու նրա ընտանիքին, ազնվագույն մարդիկ են», «Վահե, մարզպետ» եւ համանման այլ կարգախոսներ…
Մինչդեռ, ըստ քաջարանցիների, եթե Վահե ավազակապետը վերադառնա Քաջարան կամ շարունակի մնալ մարզպետի պաշտոնում, ապա դա կնշանակի նոր աղետի սկիզբ լեռնագործների քաղաքում, ինչպես եւ ամբողջ Սյունիքում:
Քաջարանցիները խնդրում են Նիկոլ Փաշինյանին՝ գիտակցել վտանգի մասշտաբներն ու բացասական հետեւանքներն ու թույլ չտալ, որ չարի սերմը բույն դնի մարզում:
Քաջարանցիները նաեւ չեն թաքցնում զարմանքն առ այն, որ եթե մեկ ամսում Վահե ավազակապետն ու իր գործակիցները չեն ձերբակալվել, ուրեմն հեղափոխությունը տեղապտույտ է տալիս կամ շեղվել է իր սկզբնական ազնիվ ուղուց կամ պարզապես Սյունիքի հետ որեւէ կապ չունի:
 
«Սյունյաց երկիր»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play