«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին


«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

  • 25-05-2018 19:28:44   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: 
«Մասեր» խորագրով ցուցահանդեսին հեղինակը ներկայացրել է 40 աշխատանք: Նկարների մի մասը պետերբուրգյան թեմաներով է: Ալեքսեյ Խվոստովի աշխատանքների հավաքածուում տեղ են գտել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի տպավորություններով ստեղծված գործեր, որոնցից մեկը, հեղինակը որպես նվեր քաղաքի հոբելյանի առթիվ, սիրով նվիրեց Երևան քաղաքի պատմության թանգարանին:  
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի բացման խոսքում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով նկարների հեղինակին՝ նկատել է, որ մշակութային այս նախաձեռնության գաղափարը ծնվել է շուրջ մեկ տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում: 
 
Շնորհակալություն հայտնելով երևանյան ջերմ ընդունելության համար՝ Ալեքսեյ Խվոստովն իր հերթին նշել է, որ, առաջին անգամ լինելով Երևանում, տպավորված է և հետագա իր աշխատանքներում 2800-ամյա պատմությամբ վարդագույն քաղաքն անպայման կգտնի իր տեղը: 
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ