Մեկնարկել է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության հայտերի ընդունման փուլը, որը կտևի մեկ ամիս
12-06-2018 19:26:32 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մեկնարկել է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության հայտերի ընդունման փուլը, որը կտևի մեկ ամիս: Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերին:
Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ առաջնությունն ացկացվում է 2008 թվականից, երբ անգամ «Արմաթ» խմբակները չկային:
«Դրանք հայտնվեցին մոտավորապես 2015 թվականին, իսկ ռոբոտաշինական խմբակները՝ 2013-14 թվականներին, բայց այս առաջնություններն իրենց դերը խաղացին և մեզ գլխի գցեցին, թե ինչ պետք է անել»,- նշեց Կ. Վարդանյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանում անցկացվող առաջնությունները շատ ավելի բարդ են, քան արտերկրում անցկացվողները:
Կ. Վարդանյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է դարձնել ռոբոտների առաջնությունների կենտրոն, քանի որ Հայաստանում շատ երեխաներ են հետաքրքրված ռոբոտաշինությամբ:
Նշենք, որ Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:
Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները:
Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգևի Ucom-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:
Մրցույթի գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին ընդգծեց, որ «ԱրմՌոբոտիքս» մրցույթը հովանավորում են, քանի որ կարևորում են իրենց ընկերության կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեցող այն բոլոր նախագծերը, որոնք կապված են երեխաների ինժեներական կրթության և մտածողության հետ:
«Մրցույթը մի մոտիվացիոն հարթակ է, որտեղ երեխաները կարողանում են իրենց դրսևորել: Աշխարհում ավելի քան 3 մլն լավ մասնագետների՝ ինժեներների կարիք կա, և մեր երկրի մաթեմատիակական ներուժը իմանալով, տեսնում ենք, որ կարող ենք շատ հեշտությամբ սեր արթնացնել երեխաների մեջ: Սա ապագայի քայլեր են, դրա համար էլ մեր ընկերությունը մշտապես կանգնած կլինի նման մրցույթների կողքին»,- ընդգծեց Հ. Եսայանը:
Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանի գնահատմամբ՝ մրցույթը մի խումբ գործընկերների կարևոր համագործակցություն է, որի արդյունքում բազմաթիվ երեխաներ նոր հնարավորություններ են ունենում:
Նրա խոսքերով՝ Վորլդ Վիժնը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է երեխաներին և երիտասարդներին այնպիսի գիտելիքներով ու հմտություններով զինելուն, որը հետագայում կապահովի վերջիններիս կյանքի բարեկեցությունը:
«Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք 37 համայնքում ստեղծել «Արմաթ» ակումբների հիմնադրումը. Միայն անցած տարի հեռավոր գյուղերի 800 երեխա ներգրավված է եղել ռոբոտաշինության այս խմբակների մեջ: Սա երեխաների համար ոչ միայն տեխնիկական գիտելիքների ձեռք բերման հնարավորություն է, այլև նոր տիպի որակներ են զարգացնում՝ սկսած թիմային աշխատանքից վերջացրած առաջնորդման որոշակի կարողություններ»,- փաստեց Ժ. Էդիլյանը: