Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր․«Արմենպրես»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր․«Արմենպրես»

  • 14-06-2018 12:53:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 14-ի առավոտյան եղավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:
 
Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Վերջինիս ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սուրբ Պայծառակերպության մայր տաճար, որտեղ կատարվեց մոմավառություն:
 
 
Եզրաս Սրբազանի առաջնորդությամբ հոգևոր դասն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության, Հայաստանի բարօրության համար: ՀՀ վարչապետը նաև շրջայց կատարեց Տապան թանգարանում, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթին վերաբերող, հայկական եկեղեցուն պատկանող ցուցանմուշներ:
 
Այնուհետև, Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետը ծանոթացավ վարժարանի հնարավություններին: Նշվեց, որ այն կահավորված է լավագույն գույքով ու սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձ որակավորում ունեցող դասախոսներ: Ընդ որում, վարժարանը նախատեսված է տարբեր ազգերի ներկայացուցիչների կրթության համար: Դասավանդվող առարկաների շարքում է նաև հայերենը: Վարժարանը հիմնվել է Եզրաս Սրբազանի հովանու ներքո:
 
Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա Կրեմլի պալատում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:
 
Հունիսի 14-ին ՀՀ վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play