Յոգայի միջազգային օրը՝ հունիսի 21-ին բացօթյա վարժանքներ կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Ջերմուկում


Յոգայի միջազգային օրը՝ հունիսի 21-ին բացօթյա վարժանքներ կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Ջերմուկում

  • 15-06-2018 17:25:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
Յոգան ավելին է, քան սովորական ֆիզիկական վարժանքը: Այն արտացոլում է անհատական գիտակցության կապը տիեզերական գիտակցության հետ, մտքի և մարմնի, մարդու և բնության կատարյալ ներդաշնակությունը: 
 
«Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուշադրություն է գրավել այդ հնագույն պրակտիկայի բազմակողմանի օգտակարության վրա՝ հանուն առողջության և ժամանակակից աշխարհի բարօրության»,-  Հնդկաստանի վարչապետի առաջարկով 2014 թվականին ընդունված որոշումն այսպես է մեկնաբանել Պան Գի Մունը: 
 
177 երկրների ներկայացուցիչների աջակցությամբ ՄԱԿ-ում համապատասխան բանաձևի ընդունումից հետո ամեն տարի հունիսի 21-ն աշխարհում նշվում է որպես Յոգայի միջազգային օր: 
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, այդ օրը Հայաստանը ևս անմասն չի մնա յոգայի վարժանքներ անցկացնելուց: 
Մասնավորապես, յոգայի բացօթյա վարժանքներ կանցկացվեն  Երևանի Թումանյանի այգում, Վանաձորում և Ջերմուկում: 
 
Հնդկաստանի մշակույթի և յոգայի ուսուցիչ Արտի Կիրանի խոսքերով՝ յոգան հնարավորություններով լի մեծ զամբյուղ է, որից կարող են օգտվել բոլորը՝ անկախ տարիքից և սեռից: 
 
«Ժամանակակից կյանքում բոլորս հաճախակի ենք սթրեսների ենթարկվում և չունենք ժամանակ, ունենք բավականին շատ մարտահրավերներ և սա ընդամենը վերջին տարիների ընթացքում, ինչը չկար օրինակ մի 10 տարի առաջ: Իսկ ինչպե՞ս վարվել նման դեպքում և դուրս գալ սթրեսներից, իմ պատասխանն է՝ կատարել յոգա»,- նկատեց Ա. Կիրանը՝ շեշտելով, որ աշխարհում անցկացված բժշկական հետազոտությունները ևս ապացուցել են յոգայի դրական ազդեցությունը մարդու առողջության վրա: 
 
Նրա փոխանցմամբ՝ Հնդկաստանի դեսպանատանն անցկացվում են յոգայի անվճար դասընթացներ, այս պահին գրանցվել է 150 հոգի, իսկ դեռ չգրանցվածները կարող են այցելել yogaindianembassy@gmail.com հասցեով և գրանցվել: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի այն հարցին՝ Հայաստանում յոգայով ավելի շատ կանայք են հետաքրքրված, թե՞ տղամարդիկ, Ա. Կիրանին, մասնավորապես, նշեց. «Այո՛, Հայաստանում ավելի շատ կանայք են հաճախում յոգայի դասընթացների, քան տղամարդիկ. Երևի ընդհանուր այնպիսի տպավորություն է, թե յոգան տալիս է ճկունություն և ավելի շատ կարծես թե կանայք են ցանկանում գալ: Իսկ ինչ վերաբերում է դասընթացների մասնակիցների թվին, ապա պետք է ասեմ, որ դեռ այդքան շատ չենք հասցրել գովազդել, այլ նոր ենք սկսել, հետագայում կարող է ավելի շատ զրոներ հայտնվեն 150-ի կողքը»: 
 
Ուսուցչի կարծիքով՝ ցանկացողները յոգայով կարող են զբաղվել՝ հետևելով նաև  YouTube-ում ներկայացված տեսանյութերին, սակայն դրանք բավարար չեն յոգայի հոգևոր կողմը բացահայտելու համար: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն