Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվել է ՀՔԾ. կստեղծվի քննչական խումբ


Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվել է ՀՔԾ. կստեղծվի քննչական խումբ

  • 18-06-2018 13:09:24   | Հայաստան  |  Իրավունք

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը կքննվի Հատուկ քննչական ծառայության վարույթում: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
«Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էիքն, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
 
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար:
Նոյյան տապան  -   Իրավունք