ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն

  • 18-06-2018 13:33:20   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր:
 
Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում:
 
Լոնդոնից Հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ներկայացնելու եւ ներդրումային հնարավորությունները քննարկելու նպատակով: 
Նախագահ Սարգսյանը Փարիզում աշխատանքային հանդիպում կունենա նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ։ Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
 
Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:
 
Վաշինգտոնում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը ԱՄՆ Սենատում:
 
Նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play