Այս օրերին Չինաստան համերգային շրջագայությունների է մեկնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) կազմով։
Համերգների սկիզբն ազդարարվեց հունիսի 16-ին Ֆուջանի կոնսերվատորիայի դահլիճում կայացած ելույթով։ Համերգը մշակութային կապեր ստեղծելու, տեղի ուսանողությանն այլ ազգերի երաժշտական արվեստին ծանոթացնելու նպատակ ուներ: Հայ երաժիշտները ջերմ ընդունելության են արժանացել թե՛ կազմակերպիչների, թե՛ հանդիսատեսի կողմից։
«Ամեն անգամ զարմանում ենք՝ տեսնելով չինական կառավարության ջանքերը և, ինչու չէ, ֆինանսական ներդրումները մշակույթի զարգացման հարցում։ Առաջին անգամը չէ, որ հրավեր ենք ստանում. երկու տարի առաջ նույն կազմակերպության հրավերով «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր Չինաստանում, 6 տարբեր քաղաքներում համերգային ծրագրերով։ «Աբգար Մուրադյան» դուետը առաջիկա 7 օրում հանդես կգա ևս 5 համերգով։ Ծրագիրը ժանրային առումով տարբեր ենք ընտրել, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի և չձանձրացնող, քանզի արդեն իսկ նախորդ փորձից հասկացանք, որ մեծ թվով երեխաներ և պատանիներ են հաճախում համերգներին։ Երկացանկում ընդգրկել ենք դասականից մինչև ջազային մշակումներ կլարնետի և դաշնամուրի երկացանկից»,- ասում է կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը։
Համերգները երկու բաժնից են, ժանրային և բովանդակային առումով՝ հավասարազոր։ Առաջին բաժնում Սեն-Սանսի քառամաս սոնատն է, Է. Բաղդասարյանի Նոկտյուրնը (փոխադրումը՝ Դ . Գյուլամիրյանի) և բաժնի ավարտին ներկայացվում է Ա. Շորի Վերդիանան՝ Վերդիի օպերաների թեմաներով ստեղծված երաժշտական երկը, որի բարդ շարադրանքը յուրահատուկ հետաքրքրություն ու փայլ է տալիս կլարնետին, իսկ նվագախմբային նվագամասը դաշնամուրի նվագամասում է խտացված, ինչը կրկնակի է բարդացնում այս երկի կատարումը՝ այսպիսով ըստ արժանվույն եզրափակելով համերգի առաջին մասը։ Երկրորդ բաժինը չի զիջում առաջինին, Ա. Շորի երկու քնարական պիեսները գունեղ ու մեղեդային սկիզբ են այս բաժնի համար, Դեբյուսիի ու Պուլենկի ստեղծագործությունները սիրված են ու լայն տարածում ունեն երաժշտասեր հասարակության կողմից, իսկ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով մշակված Ֆանտազիան կլարնետի և դաշնամուրի համար, որն իր մեջ ջազային-մեղեդային լուծումներ է ենթադրում, եզրափակում է ամբողջ երաժշտական երեկոն։ Համերգի վերջում անակնկալ է սպասվում հանդիսատեսին. դուետը որպես բիս կատարում է մի չափազանց հանրահայտ չինական ժողովրդական երգի մշակում, որը բավականին բուռն էմոցիաներ է առաջացնում հանդիսատեսի մոտ։