Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը


Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

  • 19-06-2018 11:27:15   | Հայաստան  |  Իրավունք

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը: 
 
Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում՝ երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշպանությունն ամրապնդելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի: 
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Քրմոյանը և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ ՄըքԱլիսթերը շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարում անկախ դատական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը: 
 
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք