Ծաղկաձորում կազմակերպվել է գեղեցիկ բացօթյա համերգ


Ծաղկաձորում կազմակերպվել է գեղեցիկ բացօթյա համերգ

  • 19-06-2018 15:17:17   | Հայաստան  |  Հասարակություն

 
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հրապարակում «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է գեղեցիկ բացօթյա համերգ: Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ անցկված համերգին ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր Երևանից ու տարբեր մարզերից: 
 
« «Մինորա» մշակութային կենտրոնն արդեն երրորդ տարին Ծաղկաձորում կազմակերպում է նման համերգային ծրագիր: Մեր նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):  
 
Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Այս համերգն էլ բացառություն չէր: Ի դեպ, հավելենք, որ միջոցառման մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի:
 
Նշենք, որ մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում: 
 
Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն