Սահմանին 40 կիլոգրամ հերոին հայտնաբերած կինոլոգ-մասնագետին ևս երկուսի հետ ազատում են աշխատանքից. Ահազանգ ՀՇՄ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սահմանին 40 կիլոգրամ հերոին հայտնաբերած կինոլոգ-մասնագետին ևս երկուսի հետ ազատում են աշխատանքից. Ահազանգ ՀՇՄ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-06-2018 16:32:11   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սահմանին 40 կիլոգրամ հերոին հայտնաբերած կինոլոգ-մասնագետին այսօր ևս երկուսի հետ կարգադրել են դիմում գրել և ազատվել աշխատանքից: 
 
Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց Հայաստանի շնաբանական (կինոլոգիական) միության (ՀՇՄ) նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: 
 
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն Մաքսային վարչությունում գործող Ներքին Անվտանգության Շնագիտական Կենտրոնի 3 մասնագետներին որոշել են ազատել աշխատանքից, ինչը հանգեցնելու է նշյալ կենտրոնի քանդմանը: 
 
«Եթե կինոլոգների կենտրոնը քանդվի, թող հանրությունն իմանա, որ  դա թշնամություն է սեփական ազգի ու սահմանի նկատմամբ»,- ընդգծեց Վ. Գաբրիելյանը՝ շեշտելով, որ այդ վտանգավոր որոշման արդյունքում Հայաստանի սահմանը խոցելի կդառնա արտաքին թշնամու համար թմրանյութ, ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու տեսանկյունից: 
 
Հայաստանի կինոլոգիական միության  նախագահը հիշեցրեց, որ ժամանակին նույնպիսի վտանգավոր որոշմամբ քանդեցին ՀՀ ՊՆ Ականազերծման կենտրոնը, որի արդյունքում այսօր բանակում հաճախակի են դարձել ականի պայթյունից զինվորների զոհվելու դեպքերը: 
 
Վ. Գաբրիելյանի խոսքերով՝ Հայաստանի հինգ ուժային կառույցները պարտավոր են ունենալ ռազմական կինոլոգիայի ստորաբաժանում, ավելին՝ ինքն անձամբ պատրաստ է նոր մասնագետներ պատրաստել, իսկ եղածներին՝ վերապատրաստել: 
 
«Երկար տարիներ դիմել եմ տարբեր կառույցների կինոլոգիայի դպրոց բացելու համար, դրանց մեջ ՊԵԿ-ն արձագանքեց 2017 թվականի նոյեմբերին, որովհետև իրենք արտակարգ կենտրոն ունեն կառուցած: Հրավիրել են, զրուցել ենք, բացատրել եմ և չեք պատկերացնի մայիսի 21-ին ստացանք պատասխան, որ առաջին ռազմական կինոլոգիական դպրոցը հիմնելու համար ՊԵԿ-ը տրամադրում է իր կինոլոգիական կենտրոնը, երկու լսարան, առանձին սենյակ, որտեղ պետք է փաստաթղթերով զբաղվեն, երկու մարզադաշտ, որտեղ պարապմունքները պետք է անցկացվեին և պատրաստ են աջակցելու: Ես այս նամակը կարդացել եմ վեց անգամ, փաստորեն այնտեղ կային մարդիկ, որոնք հասկանում են այս կենտրոնի կարևորությունը, բայց չանցած մի քանի օր զանգահարում եմ Շնագիտական կենտրոնի բաժնի պետին ճշտելու, թե արդյոք մարզադաշտերը պատրաստ են պարապմունքներ անցկացնելու համար, ինձ պատասխանում են, որ իրենց աշխատանքից հեռացնում են, խառն են և դրանով զբաղվելու ժամանակ չունեն»,- պատմեց Վ. Գաբրիելյանը: 
 
Վերջինիս վստահեցմամբ՝ պայքարելու է մինչև վերջ և ակնկալում է պատկան մարմինների անհապաղ արձագանքը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն