Աշոտ Հակոբյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին


Աշոտ Հակոբյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

  • 19-06-2018 16:44:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
 
Ողջունելով նախարարին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը կարևորեց տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման մեջ և ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու համագործակցությունն այդ ոլորտներում։
 
Նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշեց, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծեց ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play