Արցախի երկնքում առաջին անգամ անցկացվեց օդային շոու

19-06-2018 18:35:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
 

2018  թվականի հունիսի 16-ին Ստեփանակերտի օդանավակայանում  «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի  նախաձեռնությամբ  Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ անցկացվեց երկրորդ «Արցախ Էյր Ֆեստ» (Artsakh AirFest) փառատոնը:  
 
«Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնը մեկնարկեց օդային շոուով` ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ: Այնուհետև, չնայած եղանակային ոչ այնքան նպաստավոր պայմաններին, Ստեփանակերտի օդանավակայանում փառատոնի մասնակիցները կատարեցին զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով և պարապլանով:  
 
Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ փառատոնը խթան է Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին տեղեկացվածության բարձրացման հարցում: Եվ առաջին փառատոնից մինչ օրս չի դադարում զբոսաշրջիկների հոսքը Ստեփանակերտի օդանավակայան:
 
«Օդանավակայանն արդեն մի քանի տարի է տուրիստական թռիչքներ է իրականացնում Արցախում: Սակայն այս ամենի մասին նախքան փառատոնը գիտեին միայն Արցախի բնակիչները, և ինֆորմացիայի պակասի պատճառով միայն տեղացիներն էին ազատ թռիչքներ կատարում Ազատ Արցախում: Այսօր արդեն Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ցանկացած պահի զբոսաշրջիկներ և ինքնաթիռներ ընդունելու։ Այստեղ ունենք երկու փոքրիկ ինքնաթիռ և փորձառու օդաչու՝ ի դեմս Սամվել Թավադյանի»: 
 
Լևոն Գրիգորյանը հավելեց, որ «Արցախ Էյր Ֆեսթ»-ը յուրահատուկ հարթակ է նաև հետաքրքիր բիզնես նախագծերի մշակման տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ Արցախում այս ոլորտի հնարավորություններին և հանդես գալ հետաքրքիր գաղափարներով և ծրագրերով: 
 
Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասաց, որ «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնն ամառվա ամենասպասված իրադարձությունն է Արցախի բնակիչների և հյուրերի համար։ 
 
«Մի խումբ երիտասարդ անձանց գաղափարն Արցախում օդային փառատոն կազմակերպելու մասին այսօր վերածվել է զբոսաշրջային իրական արդյունքի, որն, իհարկե, նույնիսկ տարածաշրջանային մասշտաբներով եզակի միջոցառում է համարվում։ Համոզված եմ՝ փառատոնն իր դերը կունենա Արցախում զբոսաշրջության ու ավիացիոն ոլորտների զարգացման գործում։  «Յելլ Էքսթրիմ Պարկի» պատասխանատուները իրենց ամբողջ ներուժն ու ջանքերը ներդրել են Ենոքավանից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Ստեփանակերտում՝ նպատակ հետապնդելով իրենց ավանդն ունենալ Արցախի ճանաչելիության բարձրացման գործում, ինչը գնահատելի ու խրախուսելի գործունեություն է» ։
 
Լրագրողների այն հարցին, թե հատկապես որ երկրներից է առավել շատ զբոսաշրջիկների հոսքը, Արտակ Գրիգորյանն պատասխանեց՝ Ռուսաստանից, Ամերիկայի միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, Իրանից և Լիբանանից: 
 
Անդրադառնալով  «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնի առանձնահատկություններին,«Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասաց.
 
«Այս տարի «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնի ծրագրում  ունեինք նորություն՝ օդային շոուն  ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ, որն առաջին անգամ Էր տեղի ունենում Ստեփանակերտի օդանավակայանում: Սա շարունակական է լինելու. փորձելու ենք էլ ավելի հետաքրքրացնել փառատոնը»: 
 
Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ «Արցախ Էյր Ֆեսթ»-ը նաև կարող է նպաստել փոքր ավիացիայի զարգացման ոլորտում  նոր ներդրումների ներգրավմանը:
 
«Այսօր ինչպես Հայստանում, այնպես էլ Արցախում կան կազմակերպություններ, անհատներ, ովքեր փոքր ավիացիայի ոլորտում իրականացնում են զբոսաշրջային թռիչքներ: Մենք այժմ Հայաստանում հնարավորություն ունենք թռնել օդապարիկով, պարապլանով և իհարկե փոքր երկտեղանի ինքնաթիռներով՝ պայմանավորված թռիչքի օրվա եղանակային պայմաններով:  Իսկ ընդհանուր առմամբ  ոլորտը զարգանում է և ակտիվանում»:
 
Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնին ներկա էին Պարապլաներային ֆեդերացիայի նախագահ, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը  և «Սքայբոլ»-ի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը:
 
«Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնի համերգային ծրագրի շրջանակում  մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Գոռ Սուջյանը, «Նեմրա» ռոք խումբը, Շուշվա բենդը և Միքայել Ոսկանյանը:   Փառատոնը եզրափակվեց DJ Գուեվոյի մասնակցությամբ տոնական փարթիով:
 
 «Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնին մասնակցեցին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցչիներ, զբոսաշրջիկներ Հայաստանից և տարբեր երկրներից: Միջոցառման ընդհանուր մասնակիցների քանակն այս տարի շուրջ 2000 էր:
 
«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:
 
«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ, որոնք ստացան «Ազատ թռիչք Ազատ Արցախում» անվանումը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար