Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «դաբրոյով» բազմաթիվ քաղաքացիներ ունեզրկվել են հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «դաբրոյով» բազմաթիվ քաղաքացիներ ունեզրկվել են հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-06-2018 17:32:40   | Հայաստան  |  Իրավունք



 
Նախկին կառավարության բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր որոշումները սպասարկել են օլիգարխիկ վերնախավի շահերը, նպաստել նրանց հանցավոր հարստացմանը, իրականացնելով մեծ փողերի լվացում և Երևանի կենտրոնի հազարավոր սեփականատերերի ունեզրկում: 
 
Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և նշյալ որոշումների արդյունքում տուժած Երևանի տարբեր թաղամասերի բնակիչները: 
 
Վերջիններս գրավոր նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով կասեցնել նախկին կառավարության կողմից բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր որոշումները՝ դրանք ենթարկելով բազմակողմանի և անաչառ ուսումնասիրության շահագրգիռ մարմինների, այդ տարածքների սեփականատերերի, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնկացությամբ: 
 
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ի սկզբանե նման որոշումների հիմքում դրված է եղել քաղաքացիներին ունեզրկելու նպատակը: 
 
Ըստ նրա՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումներով Ֆիրդուսի տարածքի, Տերյան և Խանջյան փողոցների բնակիչները հայտնվել են պատանդի վիճակում և չեն հասկանում, թե ինչ է նշանակում բացառիկ գերակա հանրային շահ: 
 
«Նախկինում ինչ որ արվել է, արվել է առանց օրենքի: 2006 թվականին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի պահանջից ելնելով՝ ընդունեց օրենք բացառիկ գերակա հանրային շահի մասին: Այդ օրենքի պահանջը կայանում էր նրանում, որ առաջին հերթին կառավարությունն իրեն ապահովագրում էր, որպեսզի հետագայում քաղաքացիները չդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), երկրորդ խնդիրն այն էր, որ կառավարությունն ուզում էր այդ օրենքով ոչ թե քաղաքացի-քաղաքապետարան կամ քաղաքացի-կառավարություն հարաբերությունները կարգավորեր, այլ որպեսզի նակինում կատրված գործողություններին տար օրենքի ուժ»,- ընդգծեց Ս. Բաղդասարյանը՝ նկատելով, որ դրանից հետո քաղաքացիներն այլևս չէին կարող դիմել ՄԻԵԴ, քանի որ ամեն ինչ արվել էր օրենքի շրջանակներում: 
 
Խանջյան փողոցի բնակիչ Ռուբեն Աթոյանի խոսքերով՝ իրենց համոզմամբ համապատասխան օրենքում կան բացեր, ուստի նոր օրենք պետք է մշակվի խորհրդարանական ընտրություններից հետո: 
 
Նրա փոխանցմամբ՝ իրենք հույս ունեն, որ խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր Ազգային ժողով, որը բալանսավորված մոտեցում կցուցաբերի տուժած քաղաքացիների խնդիրներին: 
 
«Ինչ վերաբերում է բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումներին,  ապա  պետք է նշեմ, որ սա քաղաքացիների ունեզրկման կազմակերպված գործընթաց է, որն ապահովում էր նախկին կառավարությունը, երկրորդը դատարանները, որոնք վարույթ չեն ընդունում մեր դիմումները՝ այդպիսով մեզ զրկելով օրենքով պաշտպանվելու հնարավորությունից»,- փաստեց Ռ. Աթոյանը՝ շեշտելով, որ իրենց սեփականություն համարվող տարածքները նախկին կառավարությունը վաճառել է անհայտ ծագում ունեցող ընկերությունների: 
 
Տերյան փողոցի բնակիչ Վարդան Գաբրիելյանը, ով իր պնդմամբ՝ մայրաքաղաքի հնաբնակներից է, ընդգծեց՝ ինքը ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի Երևանի ճարտարապետ Նապոլեոն Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի, Հյուսիսային պողոտայի հատվածում՝ Տերյան փողոցի վրա իրականացրած ավերիչ գործողությունների համար: 
 
«Իհարկե, քաղաքի համար առաջին ավերիչներից է նաև Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը: Իրենց «դաբրոյով» ու թողտվությամբ տեղի ունեցավ այս ամեն ինչը»,- նշեց Վ. Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ ոչ մի օլիգարխի և վերնախավի ձեռնտու չէ Երևանի քաղաքի համար հատակագիծ մշակելը: 
 
Նրա տեղեկացմամբ՝ կոնկրետ Հյուսիսային պողոտայի անկյունային հատվածում քանդել են 11 պատմական շենք: 
 
«Հերթը հասել է մեզ, բայց մեր շենքերը սեյսմակայուն են, մեր բնակիչները շենքից սեյսմակայուն են, մեզ այնտեղից ոչ մեկ չի կարող հանել, ով ուզում է գա: Խնդրում ենք այժմյան կառավարությանը վերանայել բացառիկ գերական հանրային շահի մասին օրենքը, որովհետև դա հատուկ գրված է եղել մաֆիոզ կլանի համար»,- հորդորեց Վ. Գաբրիելյանը: 
 
 
 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք