Հաշվի առնելով կուտակային կենսաթոշակային համակարգը բարեփոխելու հնարավորությունները՝ պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը. Մանե Թանդիլյան

21-06-2018 12:53:53   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հրաժարականին: 
 
Նա, մասնավորապես, գրել է. 
 
«Հարգելի հայրենակիցներ,
 
Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:
 
Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:
 
Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:
 
Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:
 
Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:
 
Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:
 
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»:
 
Հիշեցնենք, որ այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունում Մանե Թանդիլյանը դիմումը և շարունակելու են միասին  աշխատել: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 525 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...