Վառելիքը դուրս են բերել զորամասից և վաճառել լցակայանների սեփականատերերին. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

21-06-2018 13:11:17   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:
 


  Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ:
 
  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ կատարել է օրենքին հակասող գործողություններ:
 
  Մասնավորապես՝ վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև:
 
  Ազգային անվտանգության ծառայությունը ստացված օպերատիվ տվյալների հիման վրա վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման է ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին:
 
  Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը:
 
  Զինծառայողների կողմից թույլ տրված մեկ այլ անօրինական գործողությունների դեպքով, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊՆ N զորամասի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում ՝ նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով, ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով տարբեր անձանց,իսկ ստացված գումարները յուրացրել:
 
  Նույն պաշտոնատար անձինք, թույլ տալով ծառայության շահերին հակասող գործողություններ, առանձին ռազմական տեխնիկայի վերանորոգման համար դուրս գրված նոր պահեստամասերը վաճառել են և դրանց փոխարեն տեխնիկաների վրա տեղադրել օգտագործված պահեստամասեր:
 
  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:
 
  Նշված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հիշյալ դեպքերի հանգամանքները և դրանց առնչություն ունեցող այլ անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափերը ճշգրտելու ուղղությամբ:
 
  Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս է հասցնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի և զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար:
 
  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ զինծառայողների հետ հնարավոր անօրինական գործարքներ իրականացնելուց: Իսկ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին՝ կոչ անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ դեպքում այն կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
 
  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 617 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...