Ավետիսյան դպրոցի 13 շրջանավարտ հրաժեշտ տվեց սիրելի դպրոցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ)



21-06-2018 17:54:52   | Հայաստան  |  Հասարակություն
 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող Ավետիսյան անվճար դպրոցի 13 շրջանավարտ օրերս հանդիսավոր կերպով հրաժեշտ տվեց սիրելի դպրոցին: 
 
Դեպի մեծ կյանք նրանց ճանապարհելու էին եկել Կրթության և գիտության նախարարը, դպրոցի բարերարները,  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք: 
 
«Ես շատ ուրախ եմ, որ մենք կյանք ենք ճանապարհում այս երեխաներին, որովհետև նրանք մեր դեսպաններն են և մեր վկաները: Այն կրթությունը, որ նրանք ստացան մեր դպրոցում, նրանք պետք է օգտագործեն ամբողջ իրենց կյանքում»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիսյան դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մելանյա Գեղամյանը: 
 
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան 12-ամյա հանրակրթական դպրոցում կարևորելով երեխաների որակյալ կրթությունը և դաստիարակությունը՝ ներդրվել են յուրահատուկ ծրագրեր՝ բնապահպանականից մինչև ռոբոտատեխնիկա, բնօգտագործում, օտար լեզուներ, ինչպես նաև արևմտահայերենի դասավանդում: 
 
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ Ավետիսյան դպրոցի բոլոր աշակերտները կրթվում և մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության և աշխատասիրության մթնոլորտում, որի վկայությունն այն է, որ այս տարվա բոլոր շրջանավարտներն ամենաբարձր գնահատականներով ընդունվել են պետական բուհեր: 
 
«Նախ պետք է հպարտությամբ  նշեմ, որ դպրոցը բարեգործական է՝ լինելով մասնավոր, և այսօր այստեղ նախադպրոցական համակարգում սովորում են 52 երեխա, իսկ դպրոցում 502 սան: Ներկայումս դիմել է 300 երեխա ընդունելության համար, սակայն պետք է ընդունենք մեկ առաջին դասարան և մեկ մանկապարտեզի տարիքային խումբ: Պատկերացրեք, թե որքան մեծ է այստեղ կոնկուրսը»,- ընդգծեց Մ. Գեղամյանը:
 
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության կողմից 1998 թվականին հիմնադրված դպրոցի բարերարները Էդվարդ և Պամելա Ավետիսյաններն են, ովքեր ի հիշատակ իրենց ծնողների՝ դպրոցն անվանակոչել են Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անունով:  
 
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի փոխանցմամբ՝  դպրոցը հիմնականում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան է. «Լրիվ պետական ծրագրերով, բայց շատ ավելին, քան պետական ծրագրերը: Մենք կուզենք, որ երեխաները բազմակողմանի զարգանան, միայն գիտելիք չէ որ կհաղորդենք, նաև դաստիարակություն, որովհետև կյանքում հաջողակ և երջանիկ լինելու համար շատ անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք կամ մասնագիտական կարողություններ, այլև մարդկային հատկություններ»: 
 
Իր հերթին Ավետիսյան դպրոցի հովանավոր Էդվարդ Ավետիսյանը շեշտեց, որ ապրելով որբանոցում՝ շատ է գնահատում գերմանացի միսիոներների կողմից ստացած կրթությունը:
Հիմա իրենք են անում նույնը, որպեսզի Ավետիսյան դպրոցում սովորող երեխաները ստանան լավագույն կրթությունը լավագույն շենքային պայմաններում: 
 
Այս տարի Ավետիսյան դպրոցի շրջանավարտներին շնորհավորելու և  բարի երթ մաղթելու էր եկել նաև  նշանավոր թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Վերջինս առաջին գիտնականներից է, որը ճանաչել  և բացահայտորեն քննադատել է հայոց  ցեղասպանությունը:  
 
Դիմելով շրջանավարտներին՝ պարոն Աքչամը հորդորեց նրանց լինել համարձակ ու նորարար, ունենալ սեփական տեսակետը, հարկ եղած դեպքում պաշտպանել դրանք և պայքարել հանդիպող անարդարությունների դեմ:
 
Միջոցառման ավարտին աշակերտներին հանձնվեցին ավարտական վկայականներ: 
 
 
 
 
Լուսանկարները՝ «Նոյյան Տապան»-ի
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 602 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար