Իտալական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում


Իտալական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

  • 21-06-2018 14:51:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է իտալական «ԱՆԱՍ» ճանապարհաշինական ընկերության պատվիրակությանը` «Անաս Ինթերնեյշնլ»-ի առևտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզիին և Հայաստանում ու Վրաստանում ինժեներական թիմի պատասխանատու Մարկո Կասիարոյին։
 
Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեության ուղղությունները, միջազգային շուկայում ունեցած փորձառությունը։ «ԱՆԱՍ»-ը պետական ընկերություն է, պատկանում է Իտալիայի կառավարությանը։
 
Դեռ անցած տարի ընկերությունը նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ։ 
 
Ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը։
 
«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթևեկության կազմակերպման և տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։
 
Լորան Ֆրանսիոզիի խոսքով` սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները և ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։
 
Նախարարն էլ իր հերթին շեշտեց, որ ներկայում բավական ակտիվ են քննարկումները տարբեր միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական նախագծով։
 
Միևնույն ժամանակ փաստեց, որ «ԱՆԱՍ»-ի մասին արձագանքները միայն դրական են և շատ գնահատելի է ընկերության միջազգային փորձը` այդ թվում մեր տարածաշրջանում։ 
 
Կողմերը պայմանավորվեցին հաջորդ քննարկումն ունենալ, երբ պարզ կլինեն հետազոտական աշխատանքների արդյունքները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն