#MamaBalikRun2018․ երբ վազում են մայրիկները հանուն բարի գործի․ լուսանկարներ


#MamaBalikRun2018․ երբ վազում են մայրիկները հանուն բարի գործի․ լուսանկարներ

  • 23-06-2018 16:27:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 23-ին կայացավ մայրերի և փոքրիկ երեխաների մասնակցությամբ անցկացվող վազքային բարեգործական MamaBalikRun2018 միջոցառումը: Շուրջ 1կմ երկարությամբ վազքը հաղթահարեցին ակտիվ, համարձակ 150 «մամաբալիկ»:
 
Միջոցառման կազմակերպիչներն էին ՄամաՖորում հարթակը և Բարեգործ վազորդների հայկական թիմը, աջակիցը՝ Awesome Foundation Yerevan-ը: Նախաձեռնությունը սատարում էին նաև «Այլկերպ»-ը, Fest.am-ը, Հայ ծնողների ակումբը,  Eat&Fit սրճարանը և Impact Hub Yerevan-ը:  
 
«#MamaBalikRun-ն արդեն երկու տարի անընդմեջ մոտիվացնում և մոբիլիզացնում է ակտիվ մայրիկների իրենց բալիկների հետ՝ մասնակցելու մարաթոնների/վազքերի և աջակցելու սոցիալական ու բարեգործական ծրագրերի: Այս տարի Awesome Foundation Yerevan-ի շնորհիվ առաջին անգամ կազմակերպվեց առանձին մայրիկների ու բալիկների վազքային միջոցառում՝ MamaBalikRun2018-ը»,- նշեց Բարեգործ վազորդների հայկական թիմի համակարգող Շարմաղ Սաքունցը։
 
«Մասնակցելով մարաթոնին` կարելի է ապացուցել, որ երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու կենսուրախ: Նախագծի առաքելություններից է տարածել ակտիվ և առողջ ապրելակերպի, ինչպես նաև մարդասիրությունը մեր երկրում: Շատերը երեխա ունենալուց հետո երկրորդ պլան են մղում հանրային կյանքն ու ակտիվությունը։ Սակայն հենց այդ շրջանում է անհրաժեշտ ակտիվ և շարժուն լինել, շեշտադրել առողջ ապրելակերպը, ճիշտ սնունդը։ Սա մոդել է, որի շրջանակում երեխաները տեսնում են ճիշտ վարքագծի օրինակ և հետևում դրան»,-հավելեց ՄամաՖորում հարթակի հիմնադիր Մարիամ Մովսիսյանը։ 
 
#MamaBalikRun-ի հիմքում ընկած էր նաև բարեգործության գաղափարը։ Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Նիմբա սոցիալական ձեռնարկությանը։ Նիմբան տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն առաջարկում է որակյալ և հատուկ դիզայնով հայաստանյան արտադրություն։ Արտադրում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրերը։
 
 
 
 
Լուսանկարները՝ Անաստասիա Օսիպովայի
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն