Ինչպես պատժել գեներալ Մանվելին. նույնիսկ անիրականանալին…


Ինչպես պատժել գեներալ Մանվելին. նույնիսկ անիրականանալին…

  • 23-06-2018 21:40:47   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Հայ ժողովուրդը շատուշատ առումներով առանձնահատուկ է, թերևս բոլորիս էլ հայտնի է, որ հայ մարդն ուրիշ է, ուրիշ է նաև հայի տականքը: Մեր ժողովրդի առանձնահատկություններից մեկն էլ արդարության մեծագույն ծարավն է և անհանդուրժողականությունը, նույնիսկ ատելությունն անարդարության նկատմամբ: Խոսքս, անշուշտ, չի վերաբերվում բոլորին, այլ ժողովրդին` որպես հավաքական ամբողջություն:
Կասկած չունեմ, որ արդարության նկատմամբ մեր ժողովրդի հիշյալ վերաբերմունքով, ինչպես նաև իր պաշտպան զինվորի հանդեպ առանձնակի սիրով ու հոգածությամբ են պայմանավորված մեր հասարակության ներկայիս տրամադրվածությունն ու վերաբերմունքը գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ` ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին ու մեր բանակին նույնիսկ աշակերտների և այլոց կողմից հասցեագրված օգնությունը, հատկացումները (շոգեխաշած մսի պահածոներ, խտացրած կաթ, հագուստեղեն, շտապ օգնության մեքենա և այլն) Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում պատկերող կադրերը տեսնելուց հետո: Հիմնականում հենց այդ ամենով է պայմանավորված նաև Մանվել Գրիգորյանին պատժված տեսնելու կամ նույնիսկ անձամբ պատժելու հասարակության թերևս մեծ մասի ցանկությունը:
Անցած օրերին առիթ ունենալով շփվելու մեծաթիվ ու տարբեր մարդկանց հետ, գրեթե ամենուր լսել եմ գեներալ Մանվելին ոչ միայն պատժելու, այլև պատժելու եղանակի վերաբերյալ մարդկանց ցանկությունը: Ճակատից գնդակահարելը, քառատելը, վառելը, հրապարակում կախելը, կարելի է ասել, սովորական առաջարկների կամ ցանկությունների թվին են պատկանում: Նրանցից առավել հարուստ երևակայության տեր անձինք առաջարկում էին Մանվել Գրիգորյանին մինչ իր կյանքի վերջը կերակրել միմիայն ժամկետանց «տուշունկայով» ու խտացրած կաթով, ձեռքերը կտրել, ինչպես Իրանում են վարվում գողերի նկատմամբ, ամեն օր մարմնի վրա դանակով մի ոչ խոր կտրվածք անել և աղ ցանել վերքին, մինչև իսկ մտցնել հենց իր արջի փոքրիկ վանդակի մեջ, դնել Հանրապետության հրապարակում, որպեսզի անցորդներից ցանկացողները պարզապես թքեն նրա վրա, և այլն, և այլն:
Գիտակից, իրավունքին և իրավաբանությանը փոքր-ինչ ծանոթ անձինք գիտեն, հասկանում են, որ այս բոլոր ցանկությունները, առաջարկները Հայաստանի Հանրապետությունում անիրականանալի են` նույնիսկ եթե զինվորներին հատկացված օգնությունները և բանակին կատարված հատկացումները յուրացնելու գործում Մանվել Գրիգորյանի մեղքն արդեն ապացուցված լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Անիրականանալի են, որովհետև ՀՀ քրեական օրենսդրությամբ վերը նշված կամ նման պատժատեսակներ ընդհանրապես նախատեսված չեն (ոմանք, իհարկե, կարող են ասել` ափսոս…), դատարանը, պետությունը չեն գնա նման քայլի, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այդ առումով որևէ հակաօրինական քայլի կողմնակից չի լինի: Ինքնադատաստանն էլ ՀՀ-ում օրենսդրությամբ արգելված է, արտոնված չէ:
Բացի վերը նշվածից, «անմեղության կանխավարկած» հասկացություն կա, ըստ որի, անձը, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, համարվում է անմեղ: Եվ սա` անկախ այն բանից, որ հասարակության թերևս մեծ մասը չի հավատում գեներալ Մանվելին, որ ինքն անմասն է եղել, նույնիսկ տեղյակ չի եղել զինվորներին հատկացվածի յուրացումներին: Հուսանք, որ քրեական գործի նախաքննությունը կլինի օբյեկտիվ ու կպարզի ճշմարտությունը, իսկ կատարվածի մեղավորը կամ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Եթե Մանվել Գրիգորյանի մեղքն ապացուցվի, ապա բանակին ու պետությանը պատճառված վնասի փոխհատուցման խնդիր կառաջանա, և այդ դեպքում թերևս կիրականանա հասարակության մի մասի այն ցանկությունը, որ նրան պետք է ընդհանրապես ունեզրկել` ընտանիքին հատկացնելով միայն մի համեստ բնակարան, որ փողոցում չմնա:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play