Ռազմա-թատերական ներկայացումներ եւ նկարահանումներ.Շահան Գանտահարյան

25-06-2018 09:06:10   | Լիբանան  |  Հոդվածներ
 


Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը եւ անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։ 
 
«Վերջին տարիների ընթացքում զինվորական կարողականությունը էականորեն ընդլայնվել է եւ էականորեն փոխվել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ զինվորական հաւասարակշռությունն ի նպաստ մեզ», հայտարարել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
 
Հասանովն նաեւ ասել էր, որ ադրբեջանական բանակը արդեն վերահսկում է Լաչին տանող ճանապարհը: Պարզ է, որ հայկական կողմի համպատասխան բաժանմունքների պաշտոնական տեղեկատվությունները նման հերյուրանքները որակել են ամբողջովին իրականության չհամապատասանող ապատեղեկատվություն։
 
Մինչ, Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ բացի հրադադարի հետեւողական խատումներից, ՊԲ արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել:
 
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
 
Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել եւ վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
 
Ուրեմն, պատահածներն այն են, որ շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերը իրականացնում են ակտիւ տեղաշարժեր, կուտակումներ, զուգահեռ Բաքվի բարձրագույն օղակներից հնչում են լայնամասշտաբ պատերազմի սկսման եւ դրա իբրեւ նախապատրաստություն Նախիջեւանյան եւ Արցախյան ճակատների ուղղությամբ տարածքներ «ապաօկուպացնելու»  նպատակով իրականացվող գործողությունների հաջողության մասին։
 
Դժվար է միանշանակ հետեւություն անելն ու մեկնաբանելը, թե ինչու է Բաքուն պատերազմի իմիտացիոն գործողություններ ձեռնարկել։ Եթե ընդունենք, որ Բաքվի պետությանը բնորոշ ռազմատենչ հռետորաբանությունը ներքին սպառման առաջնային առաջադրանք է ունեցել, այս դեպքում եւս Բաքվի ներհասարակական իրավիճակի թեժացման նախադրյալների հասունացման չեզոքացումով կարելի է բացատրել նման իմիտացիոն տեղաշարժերի ձեռնարկելը։ Աւելի գլոբալ առումով` ռուս-թուրքական մերձեցմամամբ կամ Կրեմլից դեպի Վաշինգտոն ուղղված երկխոսության նշանների ընկալմամբ ստատուս քվոյի փոփոխության հավանականության նախապատրաստվելու ընդառաջ քայլեր առնելու։ 
 
Եւս մեկ հավանական մեկնաբանություն. ՀՀ-ի եւ ԵՄ-ի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի առիթով կայացած մամուլի ասուլիսին եւ հետեւած հաղորդագրությունում շրջանցվել է արցախյան հակամարտության թեման, մինչ վերահաստատվել էր ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ ԵՄ-ն հորդորում էր կողմերին ներգրավվել այս գործընթացում առանց որեւէ նախապայմանի։
 
Բնականաբար նախապայմանը այստեղ առաջին հերթին վերաբերվում է արցախյան հակամարտությանը: Իսկ պարզ է, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը արժանացել է ԵՄ-ի մոտ դրական հրապարակային արձագանքումների եւ ՀՀ-ի հետ փաստաթղթում ամրագրված բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու եվրոպական պաշտոնական կեցվածքներին։ Պարզ է, որ Բաքուն անհանգիստ է Երեւան-Անկարա առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին ներգրավվելու հորդորներից։
 
Այժմ, գետնի վրա իրողությունն այն է, որ շփման գծի երկայնքով եւ նախիջեւանյան ուղղությամբ կան ռազմատեխնիկայի կուտակումներ, տեղաշարժեր եւ ադրբեջանական սեփական տարածքների վրա ապաօկուպացման իմիտացիոն գործողությունների բեմականացումներ եւ նկարահանումներ։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...