Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի.1in.am


Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի.1in.am

  • 25-06-2018 10:34:39   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:
 
2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:
 
Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:
 
Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:
 
Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի:
 
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը