Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են


Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են

  • 05-07-2018 17:53:17   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տեղեկացմամբ, ինքը վերջին շրջանում արդեն 15 օր է, պարբերաբար գնում է Վայոց Ձորի մարզ: Եղել է ոչ միայն Եղեգիս համայնքում, զբաղվել նաև համայնքների խոշորացման հիմնախնդրով, այլ նաև Ջերմուկ համայնքում, ուր նույնպես բնակիչները, քաղաքացիները բողոքում են ու դիմել են քաղաքացիական անհնազանդության` փակելով դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, որպեսզի կանխեն Ամուլսարի շահագործումը:
«Ակնհայտ է, որ նույն Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված փաստաթղթերը, նաև Վայոց Ձորում այդ փոքր հէկ-երի կառուցման փաստաթղթերը չեն տրամադրվել օրենքով սահմանված կարգով»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հետևաբար, ըստ հիշյալ կուսակցության նախագահի, եթե իրոք գործում է իշխանություն և իշխանության առաքելությունն է դադարեցնել ապօրինությունները, ապա պետք է դադարեցնի, քանի որ իշխանությունն ունի համապատասխան լծակներ` միջամտելու, դադարեցնելու: Նշելով բողոքող քաղաքացիների հայտարարության մասին, որ, այո, կառավարության ներկայացուցիչներն այցելել են իրենց և բանակցություններ են տեղի ունեցել, բանակցությունների արդյունքում եղել է պայմանավորվածություն, որ մի փոքր համբերեք, մենք հարցերին լուծում կտանք, Զարուհի Փոստանջյանը շարունակեց.
«Մինչդեռ, այդ համբերման շրջանում մարդկանց համբերությունը չարաշահվել է, այդ շրջանում սկսել են ինտենսիվ, ավելի արագացված աշխատանքներ` և՛ Եղեգիս համայնքում հէկ-երի կառուցման գործում, և՛ Ամուլսարում ամեն րոպե սկսել են պայթեցումներ, և արդեն կարճ ժամանակում շինարարական բավական լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Հետևաբար եթե իշխանությունը չի միջամտում պետական լծակներով, իր ձեռքին առկա գործիքներով, իսկ դրանք իրավապահ մարմինների աշխատանքն են, կառավարության որոշումն են, համապատասխան տեսչական միջոցներով դադարեցումն է, եթե դրանք չի օգտագործում, ապա կարելի է ասել, որ անգործության է մատնվել: Եվ այստեղ քաղաքացիները նորից ու նորից ապավինում են իրենց ուժերին և իրենց ուժերով փորձում են դադարեցնել: Ջերմուկում տեղի ունեցան մեծ հանրահավաք, բողոքի ցույց և քայլերթ դեպի «Լիդիան Արմենիա» ընկերության նստավայր»:
Քաղաքացիները, ըստ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի, շեշտել են, որ շուրջ 30 տարի առաջ տեղի ունեցած մեր համազգային շարժումից հետո դա բողոքի նման զանգվածային դրսևորման առաջին դեպքն է Ջերմուկ քաղաքում:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, տեղի է ունեցել ոչ թե «թավշյա հեղափոխություն», այլ  մեծ, համահայկական ընդվզում, և՛ Եղեգիսում հէկ-երի, և՛ Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարն այդ ընդվզման շարունակությունն են: Վարչապետի և մի քանի այլ պաշտոնյաների փոփոխությամբ չպետք է սահմանափակվել, մենք պետք է փոխենք ամբողջ համակարգը, որը ներառում է ոչ միայն կառավարության փոփոխություն, անձանց փոփոխություն, այլև, առաջին հերթին, արժեքների փոփոխություն:
«Եվ երբ տեսնում ենք, թե ովքեր են կանգնած այդ հէկ-երի և հանքերի ետևում, ապա տեսնում ենք մարդկանց, ովքեր մեր հայրենիքի հետ կապ չունեն, նրանք ներկայացնում են հիմնականում նաև միջազգային օլիգարխիան,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:- Այդ ամենի ետևում կանգնած են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների բարեկամներ, ազգականներ, այդ փոքր հէկ-երը մեծ կոռուպցիոն գործարքի արտահայտություն են, որի թելերը նույնպես տանում են դեպի միջազգային օլիգարխիկ համակարգ: Սա հենց այնպես չի արվում, ըստ էության, ավերված բնության հետևանքով մենք ունենալու ենք լրացուցիչ գաղթականներ, այսինքն` մեզ այլևս հնարավորություն չի ընձեռվելու մնալ մեր հայրենիքում, Հայկական բարձրավանդակի այս փոքր մասում և ապրել: Բնապահպանական աղետը և բնապահպանական գաղթականները դառնալու են իրականություն մեր ազգի պատմության մեջ: Մենք եթե ժամանակին գաղթել ենք մեր հայրենիքից ստիպված, բռնության հետևանքով` մեր նկատմամբ կիրառված, ապա այս դեպքում արդեն էկոլոգիական աղետի հետևանքով ստիպված ենք լինելու թողնել մեր բնակավայրերը: Սա է ամբողջ խնդիրը: Իհարկե՛, քաղաքացիների իրավունքն է օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, այո, ընդվզե՛լ, ցույց տալ քաղաքացիական անհնազանդություն, երբ պետական իշխանության ներկայացուցիչներն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում:
Ամուլսարում պայքարը շարունակվում է, քաղաքացիները պնդում են իրենց պահանջները, դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակված են: Քաղաքացիները բավական մեծ զայրույթով ընդունեցին կառավարության պատասխանները, երբ նրանցից ակնկալում էին ընդհակառակը` միջամտություն և կառավարական գործիքների կիրառում, որպեսզի դադարեցվի հանքավայրի շահագործումը, մինչդեռ նրանց ասել էին, որ դուք դեմ եք կառավարությանը, և իրենց գործողությունները որակվել էին որպես սաբոտաժ, թեև հասկանալի է, որ սա նույն հայրենիքի համար պայքարի գլխավոր բաղկացուցիչ մասն է»:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, մենք այսօր Վայոց Ձորի և, ընդհանրապես մեր բոլոր մարզերի համայնքներին պետք է մեծ ուշադրություն դարձնենք, տեղական խնդիրներին` նույնպես, իսկ վերոնշյալ խնդիրներն ավելին` ոչ թե տեղական, այլ համազգային խնդիրներ են: Փոքր հէկ-երի ագահաբար և անհաշվենկատ կառուցմամբ խեղդվում են ոչ միայն Վայոց Ձորը, Եղեգիս համայնքն ու գետը, այլև Հայաստանի այլ մարզեր, համայնքներ ու գետեր: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ ծանր, թունավոր մետաղներով և այլ նյութերով շրջակա միջավայրի թունավորման, աղտոտման վտանգի տակ են դրվելու նաև Սևանա Լիճը և նրա ջրերով ոռոգվող Արարատյան դաշտը, այնտեղ աճեցվող գյուղմթերքները, ավելին` հարվածի տակ կարող է հայտնվել այդ գյուղմթերքներից օգտվող ՀՀ բնակչության ավելի քան կեսի առողջությունը, շատ մարդկանց նաև կյանքը:
«Եթե կառավարությունն իրապես ցանկանում է երկրում իրականացնել փոփոխություն, և ստանձնել է նման պարտականություն, ապա պետք է իր ձեռքի տակ ունեցող գործիքներն անպայման կիրառի, դրանց թվում է նաև իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքը,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:- Ես կարծում եմ, մեր իրավապահ մարմիններում կան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են օրինական կարգով դադարեցնել այդ ապօրինությունները: Ուղղակի դրա համար պետք է քաղաքական կամք և ցանկություն, այդքան բան, ավել բան պետք չէ, դա կարելի է անել մեկ օրվա ընթացքում, եթե կա ցանկություն, նորից եմ կրկնում, քաղաքական կամք: Նախորդ իշխանությունների ժամանակ նույնպես` մենք բազմաթիվ հաղորդումներ էինք ներկայացնում հանցագործության մասին, բայց այդ հաղորդումներին ընթացք չէր տրվում… Այս պահին կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն արդեն 2 ամիս է, որպես պաշտոնյա, չի պաշտոնավարում, բայց հարցերը, որոնք գլոբալ են, որոնք անհրաժեշտ է միանգամից լուծել, դեռ չեն լուծվել: Իհարկե, սրանք պետք է հենց հեղափոխական տրամաբանության ներքո լուծվեն… Առնվազն կասեցման որոշումները պետք է լինեին»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք