Երթեւեկության կանոնները խախտած 150 հազար վարորդի տույժ-տուգանք Ազգային ժողովը համաներել է


Երթեւեկության կանոնները խախտած 150 հազար վարորդի տույժ-տուգանք Ազգային ժողովը համաներել է

  • 12-07-2018 18:45:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:
 
Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 եւ 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն ավելի վաղ իր ելույթում նշեց, որ բարեխիղճ վարորդների համար ոչ ճիշտ մոտեցում է:
Նշենք, որ նախագծով մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կկիրառվի:
 
Ընդունված օրենքը վերաբերում է 13.7 մլրդ դրամի տուգանքներին ու տույժերին եւ տարածվելու է 150 000 մարդու վրա:
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկը, որ եթե ներվում են մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ տուգանքները, ապա պետք է վերադարձվեն այն վարորդների գումարները, որոնք բարեխիղճ վճարել են տուգանքները, չի ընդունվել:
 
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ 2012-2017 թվականների ընթացքում ընդհանուր գումարը կազմել է 59,3 մլրդ դրամ, որից միայն 13,7 մլրդ դրամն է, որը որպես ապառք ներառված է համաներման շրջանակներում, ստացվում է, որ 40 մլրդ դրամ պետությունը պետք է վերադարձնի քաղաքացիներին, ինչը կառավարության տեսանկյունից համարվել է ոչ նպատակահարմար:
 
Կառավարության համար անընդունելի է եղել նաեւ Ծառուկյան խմբակցության առաջարկը՝ համաներումը տարածել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածի վրա:
 
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկին, որով նախատեսվում է, որ վաուչերներ բաժանվի բարեխիղճ վճարումներ կատարած վարորդներին, որ հետագայում խախտում անելու պարագայում, իրենք չվճարեն, կառավարությունը դա եւս անընդունելի է համարել՝ հիմնավորելով, որ դա կարծես տուգանքի կանխավճար է:
 
Արփինե Հովհաննիսյանն իր կողմից նշեց. «Ինչ ենք անում մենք, որ խրախուսենք իրավահպատակ վարքագիծը: Ինչ ենք անում, որ այն քաղաքացիները, որոնք բարեխղճորեն եւ ժամանակին վճարում են տուգանքները, ունենան որոշակի շահագրգռվածություն, հետագայում եւս շարունակեն վճարել դրանք: Ոչ թե հակառակ վարքագիծ ենք դաստիարակում՝ այդ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, որոշակի ժամանակահատված սպասել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները»:
 
Նա նկատեց, որ բովանդակային առումով իրենք չգիտենք, թե ովքեր են, որ վճարումներ չկատարելու հետ կապված սոցիալական խնդիր ունեն, եւ ովքեր են նրանք, որոնք վճարելու կարողություն ունենալով, անում են ամեն ինչ, ձեւավորում են մեխանիզմներ, որ չվճարեն այդ տուգանքները: «Օրինակ, վճարողը գույք չունի, բայց իր անունով գրանցված են մի քանի մեքենաներ: Այստեղ հավասարության վերաբերյալ մտահոգությունները ողջամիտ են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ:
 
ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաեւ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց միաձայն՝ 78 կողմով:
 
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 1 դեմ:
 
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 79 կողմ ձայներով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play