Ոստիկանությունը հաղորդում է ստացել Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին


Ոստիկանությունը հաղորդում է ստացել Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին

  • 13-07-2018 00:10:25   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Ոստիկանությունը Մայր Աթոռում վերջին օրերին կատարված ու շարունակվող օրինազանցության նկատմամբ իր անգործության առնչությամբ հոգևոր դասի, տարբեր ԶԼՄ-ների և անձանց կողմից քննադատության ենթարկվելուց հետո, ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը (Դիվանատունը) վերջապես ազատեց այն հուլիսի 6-ից գրաված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից:
Վերջիններն այդ քայլին էին գնացել ոչ միայն բարոյական նորմերի ու Մայր Աթոռում գործող կարգի, այլև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների, դրույթների խախտմամբ:
Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տեղեկացմամբ, Դիվանատուն ներխուժած անձանցից որոշները գտնվել են թմրանյութի ազդեցության ներքո: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը վերոնշյալի առնչությամբ հուլիսի 11-ին հայտնել է.
«Ոստիկանությունը հաղորդում է ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Ոստիկանության խումբ է ուղարկվել դեպքի վայր, որտեղ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Այժմ ընթանում է հետաքննություն: Հետաքննության արդյունքում պարզ կդառնա՝ կհարուցվի քրեական գործ, թե ոչ» (http://haydzayn.am/p/67241):
Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ ոստիկանությունը վերոնշյալի առնչությամբ իր կայքում անգամ մեկ նախադասությամբ տեղեկատվություն չի հրապարակել, թեև, ընդգծում ենք, նմանաբնույթ այլ տեղեկությունների պակաս նույն կայքում չկա: Ի՞նչ բացատրություն տալ այս փաստին` ձգտում, որ տեղի ունեցածի մասին հանրությունը հնարավորինս չիրազեկվի՞… Քանի որ, հակառակ պարագայում, մեր հասարակության դիրքորոշումը, կարծում ենք, կարող է էլ ավելի անբարենպաստ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հիշյալ ակցիայի մասնակիցների, ընդհանրապես, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության նկատմամբ: Եթե դա իրոք այդպես է, ապա արդեն իսկ կասկածներ չե՞ն առաջանում ոստիկանության նշանակած փորձաքննություն ու նրա կողմից իրականացվող հետաքննության օբյեկտիվության նկատմամբ…
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք