«Վեոլիա Ջուրը» չի մեկնաբանում, բայց զգուշացնում է «Արազենին»
13-07-2018 16:57:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Սիվիլնեթ» լրատվամիջոցն իր «Ազատամարդ» հաղորդաշարում ներկայացել է «Հայկական ջրաչափերը հայկական ջրին չեն սազում» վերտառությամբ հաղորդումը, որում «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկության տնօրեն Արայիկ Սանթրոսյանը ջրաչափերի հավաքման արտադրամաս ծառայող ավտոտնակ հիշեցնող շինությունից պատմում է իր ընկերության «ազգանվեր» գործունեության մասին:
Վերջինս շուրջ 6 /վեց/ րոպե տևողությամբ տեսանյութում, հանրությանը մատուցած անթաքույց կերպով սեփական շահերից բխող կեղծ տեղեկատվությամբ փորձում է անվանարկել ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, այլ նաև ոլորտի հետ առնչություն ունեցող պետական կառույցներին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաղորդման մեջ բարձրացված հարցը ՀՀ Վարչապետին և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նույն «Արազեն» ՀՁ-ի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գտնվում է քննարկման փուլում, և որոնց կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը, Արայիկ Սանթրոսյանի կողմից իրականության հետ որևէ աղերս չունեցող լուրերի տարածումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գնահատում է որպես սադրանք և ձեռնպահ է մնում հետագա որևէ մեկնաբանությունից:
Միեւնույն ժամանակ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կոչ է անում «Արազեն» ՀՁ-ի տնօրենին վերջ տալ մեր ընկերության գործարար համբավն արատավորելուն ուղղած գործելաոճին, այլապես ստիպված կլինի իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանել դատական կարգով: