ՀՀ-ն առաջին անգամ քաղաքակիրթ տեսքով ներկայացավ քաղաքակիրթ աշխարհին. Հայկ Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՀ-ն առաջին անգամ քաղաքակիրթ տեսքով ներկայացավ քաղաքակիրթ աշխարհին. Հայկ Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-07-2018 18:08:30   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից սկսած առաջին անգամ քաղաքակիրթ տեսքով ներկայացավ քաղաքակիրթ աշխարհին: 
 
Այսպես բնութագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռօրյա պաշտոնական այցը Բրյուսել Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Հայկ Սուքիասյանը: 
 
Ըստ նրա՝ ակնհայտ էր Արևմուտքի ջերմ վերաբերմունքը ՀՀ ղեկավարի հանդեպ, որը դրսևորվեց գերտերությունների ներկայացուցիչների կողմից  համաշխարհային պատմության մեջ ունիկալ հեղափոխականի հետ ծանոթանալու ձգտումներում: 
 
«Այս ջերմ ընդունելությունը ՀՀ-ի համար հնարավորություն է տալիս դառնալ իրական միջնորդ մեր տարածքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Ինչքան էլ Ռուսաստանն այս պահին հոխորտա, որ իրենք դրա կարիքը չունեն, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանի շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները դեռևս շուտ չեն վերացվելու, իսկ Ռուսաստանը տեխնոլոգիաների կարիք ունի տնտեսության մեջ ներդնելու, հետևապես Հայաստանը կդառնա այդ իրական միջնորդը, և մենք կարող ենք իրականացնել մեր պատմական քաղաքակրթական առաքելությունը, որը մեզ վրա դրել է Բրյուսովը»,- ընդգծեց Հ. Սուքիասյանը:  
 
Վերջինիս խոսքերով՝ ՀՀ արտաքին քաղաքականության որակը փոխվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանը դառնում է քաղաքակիրթ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն: 
 
Բանախոսը կարևորեց կոմպլեմենտար քաղաքականությունը՝ շեշետելով, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների պահպանումը բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության շահերից: 
 
Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ Հ. Սուքիասյանը նշեց, որ այնտեղ օբյեկտիվ գործընթաց է սկսվել, երբ թյուրքական տարրից ազատագրվում են բնիկ ժողովուրդները:
 
Նրա կարծիքով, դա հավանաբար նշանակում է, որ թյուրքական էթնոսը շատ է ագրեսիվացել, հետևաբար Հայաստանը պետք է անընդհատ բոլորին հիշեցնի, որ այս տարածաշրջանում՝ Ադրբեջանում և մի քիչ էլ Վրաստանում ձևավորվել են էթնոկրատական վարչակարգեր: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն