Բորիս Գևորգյանը սերունդների հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մանկավարժ


Բորիս Գևորգյանը սերունդների հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մանկավարժ

  • 13-07-2018 18:09:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ծանր հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը:
Բորիս Գևորգյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 2-ին, Երևանում:
Պարարվեստում առաջին քայլերը սկսել է 1948 թվականին, Երևանի պիոներների և դպրոցականների քաղաքային պալատում: 1956-1957 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից վերադառնալուց անմիջապես հետո ընդգրկվել է պարարվեստի հայտնի վարպետ Վանյա Ղարիբյանի ղեկավարած Երվանդ Սահարունու անվան երգի-պարի անսամբլի կազմում և կարճ ժամանակ անց դարձել համույթի առաջատար պարողներից մեկը: 1960-1963 թվականներին հանդիսացել է Հայֆիլհարմոնիայի մենակատար արտիստ: 1963 թվականին հիմնադրել է «Բերդ» պարային անսամբլը՝ լծվելով ստեղծագործ աշխատանքի և դրսևորելով պարուսույց-մանկավարժի, բեմադրիչի բնատուր տվյալները:
Բորիս Գևորգյանը «Բերդ» պարային անսամբլի ղեկավարման տարիներին ստեղծել է բազմաթիվ արժեքավոր բեմադրություններ՝ «Բերդ», «Նուբար-նուբար», «Հոտաղներ», «Սպասում», «Հայաստան», «Լոռվա շուրջպար», «Մոկաց հարսներ» և այլն, հղկել, նոր փայլով ու երանգներով հարստացրել ազգային պարարվեստի գանձարանը:
 
1970-1992 թվականներին անսամբլը մասնակցել է Լեհաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ալժիրում, Ավստրիայում, Ռուսաստանում և այլ երկրներում կայացած միջազգային փառատոների, հայկական մշակույթի օրերի՝ արժանանալով պարգևների և մրցանակների:
1975 թվականին «Բերդ» պարային անսամբլը արժանացել է ՀԽՍՀ «Ժողովրդական կոլետիվի» պատվավոր կոչմանը:
1973 թվականին Բորիս Գևորգյանը հիմնադրել է «Սևան» մանկապատանեկան պարային համույթը, որն այդ տարիներին մասնակցելով հանրապետական և համամիութենական մի շարք փառատոների՝ արժանացել է դափնեկրի կոչման:
1976 թվականին Բորիս Գևորգյանն ավարտել է ԽՍՀՄ ՀԱՄԿԽ-ի Լենինգրադի բարձրագույն դպրոցը:
1995 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի միության վարչության անդամ է:
Մանկավարժական գործունեության շուրջ 60 տարիների ընթացքում պարի վարպետը կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդներ, հազարավոր պարողներ և պարուհիներ: Որպես պարուսույց-մանկավարժ և բեմադրիչ` Բորիս Գևորգյանը հայկական ազգային պարուսուցման ավանդույթների շարունակողն ու նրա ամենավառ ներկայացուցիչներից է: Նրա ստեղծած պարուսուցման «Գևորգյանական» դպրոցի ժառանգորդներն այսօր ղեկավարում են հանրաճանաչ պարախմբեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Պարարվեստի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար Բորիս Գևորգյանը տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից արժանացել է պարգևների:
1990 թվականին Բորիս Գևորգյանն արժանացել է «Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատողի» պատվավոր կոչման, իսկ 2013 թվականին՝ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
Բորիս Գևորգյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մեծ մանկավարժ, հայկական ազգային պարարվեստի երախտավոր, որի փայլուն ստեղծագործական կենսագրությունն ու ներդրումը պարարվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի են:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Բորիս Գևորգյանիհուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Բորիս Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 13-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հուլիսի 14-ին, ժամը 11:00-13:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
 
Կառավարական  հանձնաժողով
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն