Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները


Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները

  • 15-07-2018 00:32:53   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հուլիսի 14-ին, մոտ 5 ժամ առաջ կատարված գրառմամբ (https://www.facebook.com/frvahram.melikyan) տեղեկացրեց  Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ թույլ տրված ոտնձգության մասին: 
«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը,- գրել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:- Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։
Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը գրել է նաև, որ «Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների, նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։
Կատարվածին արձագանքել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը մի քանի ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է (https://www.facebook.com/Armenianombudsman/ ).
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»։
Նկատենք, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ժամանակին արձագանքեր Մայր Աթոռում օրեր շարունակ ծավալվող մարդու իրավունքների խախտումներին և օրինազանցությանը, ապա բանը չէր հասնի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելուն:
 
Նոյյան տապան  -   Իրավունք