«Սա ատելության դիվական ծես է՝ չափ ու սահման չճանաչող» (տեսանյութ)


«Սա ատելության դիվական ծես է՝ չափ ու սահման չճանաչող» (տեսանյութ)

  • 16-07-2018 10:49:29   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Եթե Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, հուլիսի 6-ին, աշխատանքային ժամին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարան (Դիվանատուն) ներխուժած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի խումբ անդամների գործողությունները կազմակերպված և որոշակիորեն նպատակաուղղված բնույթ չունենային, ապա իր կազմում բազմաթիվ զրպարտիչներ ու սադրիչներ ունեցող հիշյալ խմբին խառնամբոխ կանվանեինք, քանզի Վեհարանում ու նրա մերձակայքում ակնհայտ էր նաև խաժամուժի ու խուժանի կարգազանց, գռեհիկ ու լկտի վարքը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին»‰ՀՀ օրենքի մի շարք պահանջների, դրույթների խախտմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ու վարչակաՆ կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարան ներխուժած, այսօրվա դրությամբ ընդամենը 591 հոգուց բաղկացած նախաձեռնության մի խումբ անդամներ զրպարտությունների, բանսարկությունների, անապացույց մեղադրանքների հիման վրա Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու իրավունք էին վերապահել իրենց և այսօր էլ նույն պահանջով են հանդես գալիս, ինչը ոչ միայն անհասկանալի և անհեթեթ է, այլև բացարձակապես անհանդուրժելի, ենթակա պատժի ու պատասխանատվության: Ըստ էության, ցույցի անվան տակ հարձակում է իրականացվել Մայր Աթոռի վրա:
«Փաշինյան Նիկոլը չի սիրում Գարեգին Երկրորդին, նա ուզում է իր անձնական կաթողիկոսն ունենալ,- «Փաշինյանն ընդդեմ կաթողիկոսի» վերտառության ներքո «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արտյոմ Խաչատրյանը:- Եվ նախաձեռնել է Գարեգինի հեռացման գործընթացը: Իսկ քանի որ Փաշինյանը փողոցային գործիչ է, նրա Նոր Հայաստանն էլ` փողոցային պետություն, նա Գարեգինի հեռացման հարցը լուծում է փողոցի միջոցով: Ուղարկել է մի շարք վիժվածքներ, Սորոսի լափամանից օգտվող, որոնց առաջնորդը մի ստոր գյումրեցի գրանտակեր է, Կարեն Պետրոսյան անվամբ: Սրանք էլ բնակություն են հաստատել կաթողիկոսի նստավայրում և ասում են, թե չեն հեռանա, մինչը Գարեգինը հրաժարական չտա:
Եթե հիշում եք, մի քանի օր առաջ Փաշինյանը դեսանտ էր իջեցրել նաև ԵՊՀ ռեկտորի ընդունարան: Ճենճոտ, կեղտոտ, լկտի ու լպիրշ լակոտները պառկել էին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռան դիմաց, արգելել էին ելքն ու մուտքը, ռեկտորին այնտեղից շտապօգնությունն էր հանել: Այդ փայլուն օպերացիան ղեկավարում էին Արարատ Միրզոյանի օգնականները, այլ բարոյալքված վիժվածքներ: Ռեկտոր Սիմոնյանն այդ ժամանակ խելոք բան արեց` դիմեց միջազգային համալսարանային ինչ-որ ասոցիացիայի, որին անդամակցում է ԵՊՀ-ն, որ ԵՊՀ-ն դարձել է քաղաքական հաշվեհարդարի թիրախ: Նամակի ուղարկումից երեք ժամ հետո համալսարան ժամանեց կրթության նախարար Հարությունյանը, հավաքեց իր վիժվածքների բանդան ու հեռացավ: Այդպիսով ավարտվեց ԵՊՀ ռեկտորին հեռացնելու փողոցային և ծայրահեղ լկտի օպերացիան:
Հիմա մտածում եմ, որ ժամանակն է նույն բանը կաթողիկոսն անի: Թող դիմի աշխարհի բոլոր եկեղեցիներին կոչով` փրկել նրան քաղաքական փողոցային ճնշումներից: Եվ ժամեր անց լկտի վիժվածք լակոտներին կհեռացնեն այդտեղից: Ավելորդ է ասել, որ այս օրերին կաթողիկոսը դիմել է ոստիկանություն, ԱԱԾ, հավանաբար, անձամբ Փաշինյանին խնդրանքով` վերջ տալ այս լկտիությանը: Ավելորդ է նաև ասել, թե ինչ են պատասխանել վեհափառին նրանք: Սա խայտառակություն է: Պատկերացնո՞ւմ եք Պուտինի ռեակցիան, եթե նման բան ռուս գրանտակեր լակոտներն անեին Կիրիլի նստավայրում: Ավելորդ է անգամ խոսել…
Մի բան բոլորը թող իմանան, որ Փաշինյան Նիկոլը ոչ մի բանի առջև կանգ չի առնի իր քաղաքական նպատակների իրականացման ճանապարհին, այլ կերպ ասած` նա տոռմուզ չունի: Հիշում եք, որ գործը նա հասցրեց անգամ օդանավակայանի փակմանը, և ՀՀ հպարտ քաղաքացիներն իրենց ճամպրուկները ոտքով էին տանում Զվարթնոց: Համոզված եմ, որ եթե այդ ճգնաժամը երկար տևեր, Փաշինյանը ատոմակայանն էլ կփակեր, կդիմեր ամենաանընդունելի ու կործանիչ քայլերին: Եվ ՀՀ նորմալ բնակիչները պետք է լավ իմանան ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետի էությունը և ճիշտ հետևություններ անեն, որպեսզի նվազագույնի հասցնեն Փաշինյան Նիկոլի կենսագործունեության ողբերգական հետևանքները»:
Չգիտեմ` գուցե չափազանցվա՞ծ է Արտյոմ Խաչատրյանի այս գրառումը, գուցե պայմանավորված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինչ-որ հակակրանքո՞վ, բայց որևէ կասկած չունեմ, որ հիշյալ խմբի կողմից մինչև հուլիսի 10-ը Վեհարանի գրավմանը, այնտեղ աշխատողների աշխատանքը խանգարելուն, խոչընդոտելուն, օրինազանցությանը և տեղում գտնվող ոստիկանների կողմից, չնայած այդ ամենին, համապատասխան միջոցներ չձեռնարկելուն և՛ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ են: Ինչպե՞ս կարող էին տեղյակ չլինել, երբ այդ ամենի մասին առաջին իսկ օրից գրում, հաղորդում էին բազմաթիվ ԶԼՄ-ներ, որոշները ոստիկանության անգործության կապակցությամբ հանդես գալիս նաև քննադատությամբ: Հուլիսի 6-ին Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում նույն օրը հանդես եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա, դիվանատունը գրավված է, մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները: Մեր աշխատակիցներին, սպասավորներին, ծառայողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքները: Այս քայլը գնահատում եմ հալածանք Ազգային եկեղեցու նկատմամբ, հուսամ՝ իրավապահները անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի զերծ պահեն Ազգային եկեղեցուն հալածանքից»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հուլիսի 8-ին հրապարակայնորեն հայտարարեց` «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…»:
«Պետության լռությունը այս ամենում անհասկանալի է»,- նույն օրը գրել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
«Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն»,- հաջորդ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Սակայն, չնայած վերը նշվածին, ՀՀ ոստիկանապետն իր ենթականերին միջամտելու, օրինազանցներին կարգի հրավիրելու կարգադրություն չէր տալիս ու չի տալիս, ավելին` նրանցից չէր պահանջում օրենքով նախատեսված իրենց պարտականությունները կատարել: Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդպես է ցանկացել ու ցանկանում Նիկոլ Փաշինյանը, որը հիշյալ նախաձեռնության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական հարկադրելու հարցում դրսևորել ու դրսևորում է թողտվություն, և որից հավանաբար ինքը` ոստիկանապետն է կարգադրություն ստացել` չխառնվեք… 
«Այս մարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել, նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասել է Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:- Ոստիկանների արձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է,  ասում են՝ մարդիկ եկել են, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է, եկեղեցու տարածքն է, և մեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը: Հետևաբար, շատ տարօրինակ էր ոստիկանների նման արձագանքը»:
Ֆեյսբուքի օգտատերերից Karine Yesayan-ն իր էջում գրել է. «Իշխանությունների այս անգործությունը վկայում է միմիայն այն մասին, որ կա՛մ նրանք այս սրբապղծությանը կամակից են, կա՛մ էլ՝ գործակից…
Ամեն պարագայում բոլորը թող վախենան Աստծո ահեղ դատաստանից՝ Քրիստոսահիմն Հայ Առաքելական եկեղեցու դեմ դավադրության մասնակցության համար... »:
Ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանության այս պատճառաբանությունը չափազանց անհեթեթ է, ի՞նչ է նշանակում` մարդիկ եկել են, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, բա որ վաղը մարդկանց մի ուրիշ խումբ գա, ներխուժի ՀՀ ոստիկանության կամ կառավարության շենք` համապատասխանաբար ոստիկանապետի կամ վարչապետի հրաժարականի պահանջով, ոստիկանությունն էլի ասելո՞ւ է, թե մարդիկ իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում… Վեհարանի տարածքը թեև ՀՀ օրենքով հատուկ պահպանվող տարածք չի համարվում, սակայն հանրային տարածք էլ չէ, ինչպես փորձել է ներկայացնել ոստիկանությունը, այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնավոր տարածքն է, որը վերջինս դիտարկում է որպես հատուկ պահպանվող տարածք և իրականացնում համապատասխան պահպանություն: Ո՞ւմ հայտնի չէ, որ բացի վանաբնակ միաբաններից, որևէ մեկը, առանց արտոնության, իրավունք չունի ու չի կարող մտնել Վեհարան, այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա: Ահա նաև սա է, որ անտեսել է ՀՀ ոստիկանությունը: Անհեթեթ է նաև ոստիկանության գրեթե անգործության առնչությամբ ՀՀ վարչապետի այն պատճառաբանությունը, թե սա Եկեղեցու ներքին խնդիրն է, Եկեղեցին ու պետությունն էլ իրարից անջատ են, հետևաբար չմիջամտելու իշխանության դիրքորոշումը ճիշտ է:
«Ես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրանցում ունեմ և իմ տուն ներխուժելով գրավել են անձեր և ակցիա են անում: Ոստիկանությունը տեղեկացված է, բայց ակցիան դեռ շարունակվում է: Ասեք, ի՞նչ անեմ: Իբրև Հայաստանի քաղաքացի իմ իրավունքները պաշտպանվա՞ծ են, արդյոք, իմ Հայրենիքում... »,- իր ֆեյսբուքյան էջում  գրել է Հայր Թովմա Խաչատրյանը:
«Այն, ինչ որ կատարվում է այսօր լրատվական դաշտում՝ եկեղեցու վերաբերյալ լուսաբանման հարցում, ուղղակի մի բանի մասին է փաստում, որ մենք, մեծ հաշվով, չունենք ոլորտին տիրապետող լրագրողներ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վեմ» ռադիոկայանի լրագրող Արաքս Պողոսյանը։- Սրբազան մասունքներից մասերի նվիրատվության դարավոր պրակտիկան, որ գործում է բոլոր եկեղեցիներում, այսօր լուսաբանելիս շատ լրատվամիջոցներ օգտագործում են «կողոպուտ», «ստոր գործարք» և եկեղեցական գրագիտություն չունեցող միամիտ լսարանին ցնցելուն ուղղված այլ որակումներով: Շատ մտավորականներ էլ, էլի եկեղեցական-համայնքային կյանքին անտեղյակության արդյունքում, ոչ պակաս հուզական ու պաթետիկ արտահայտություններ են անում եկեղեցու այս կամ այն իրողության շուրջ: Հիշեցի իմ հաղորդման հյուրերից մեկի միտքը՝ մեզ ազգովի երկրորդ դարձ է պետք: Ես կասեի՝ մենք քրիստոնեական գրագիտության խնդիր ունենք այսօր ազգովի: 
Ինչ վերաբերում է իրենց «հայ եկեղեցու զավակ» կոչող ցուցարարներին, կասեի, որ սա էն դեպքն է, երբ նրանց ամեն մի խոսք, արտահայտություն, պահվածք ու վարքի դրսևորւմ հենց իրենց այդպիսին լինելու դեմ է խոսում: Ի դեպ, այս շաբաթը Տիրոջ Պայծառակերպության տաղավար տոնին նախորդող պահքի շրջան էր, և ինքներդ դատեք՝ սեփական մեղքերի վրա կենտրոնանալու և բոլոր առումներով ժուժկալելու այս շաբաթը այս «քրիստոնյաներն» օգտագործում են որպես խռովարարներ, պառակտիչներ և բանսարկուներ: Անգամ եթե նրանց բազմահարկ բանսարկություններից թեկուզ մեկը ապացուցվեր, թե ճշմարիտ է, դարձյալ նրանց իրավունք չէր տա այս կերպ խնդրի բարձրաձայնման: Սա ոչ մի կապ չունի քրիստոնեական եղբայրասիրության և սիրուց դրդված քայլերի հետ: Սա ատելության դիվական ծես է՝ չափ ու սահման չճանաչող: Եվ կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որպեսզի իրավապահներն իրենց գործն անեն և նրանց կարգի հրավիրեն»:
ԶԼՄ-ներից մեկը «Նույնիսկ մոնղոլներն ու սելջուկներն իրենց թույլ չեն տվել ներխուժել Սուրբ Էջմիածին» վերտառության ներքո գրել է.
«Կարծում ենք ժամանակն է, որ իրավապահ մարմինները կոնկրետ եւ խիստ միջոցների դիմեն, հակառակ դեպքում ժողովուրդը իշխանություններին ճիշտ չի հասկանա: Մի խումբ արկածախնդիրների գործողություններն արդեն ուղղված են ոչ թե մեկ կոնկրետ անձի, այլ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով: Քանի դեռ ուշ չէ պետք է գործուն միջոցներ ձեռնարկվեն, հակառակ դեպքում հավատացյալները կփորձեն իրենց միջոցներով կարգ ու կանոն հաստատել, ինչը եւս ցանկալի չէ եւ շատ վտանգավոր է»:
«Վերջ տվեք տխմարություններին. ուզում եք՝ իրական հավատացյալները ձեր գլուխը ջարդե՞ն»,-  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության չափ ու սահման անցած գործողությունների, զրպարտությունների, վերջնագրային պահանջների առնչությամբ ասել է նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, գրող Գուրգեն Եղիազարյանը:
Նկատի ունենալով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծայրագույն վարդապետ, տեր Զաքարիան ասել է. «Նրանց պարագլուխները որոշակի եկեղեցական առումով պիտի պատժի արժանանան»: Մի հավելում` ոչ միայն որոշակի եկեղեցական առումով, այլև իրավական առումով պետք է պատասխանատվության կանչվեն՝ առնվազն զրպարտությունների (կաթողիկոսն իբր վաճառել է Սուրբ Գեղարդը և այլն, և այլն) համար:
«Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տէր Կորիւն Վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Զարմանալի է, թէ ինչպէս կարելի է անկախ Հայաստանում հանդուրժել Ազգային Եկեղեցու հանդէպ կատարուող անօրինակ ոտնձգութիւններ:
Արդար եւ վեհ նպատակների համար մղուող իւրաքանչիւր պայքար պէտք է միայն քաջալերուի, սակայն, այլեւս կասկած չկայ, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»‰ շարժումը հետապնդում է հետին նպատակներ եւ հիմնուած է սուտ, մտացածին եւ ստայօդ փաստերի վրայ:
Այս թնջուկի միակ հանգուցալուծումը կարող են տալ իրաւապահ մարմինները եւ կառավարութիւնը: Եթէ այդ միջամտութիւնը ուշանայ, ապա Ազգային Եկեղեցին կը վերածուի թատերաբեմի, որտեղ ամէն մի ինքնակոչ ու ինքնահռչակ դերասան պիտի փորձի խաղալ իրեն յանձնարարուած դերը»:
Կաթողիկոսին հրաժարական հարկադրելու հարցում ՀՀ ոստիկանության թողտվությունը մատնում է վարչապետի դիրքորոշումը, ոստիկաններն իրենց պահել ու պահում են չեզոք և ակնհայտորեն չեն կատարում կարգազանցներին կարգի հրավիրելու իրենց պարտականությունը, թեև կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հուլիսի 6-ին հարձակվել են դիվանատան շենքի վրա, գրավել այն, ինչի հետևանքով դիվանատան աշխատանքները մինչև հուլիսի 10-ը դադարեցվել են: Եվ սա Կաթողիկոսի, հոգևորականների և Մայր Աթոռի նկատմամբ թույլ տրված ոտնձգությունների, կարգազանցությունների և օրինազանցությունների, մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման առումով բազմաթիվ օրինակներից դեռ ընդամենը մեկն է:
Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տեղեկացմամբ, Դիվանատուն ներխուժած անձանցից որոշները գտնվել են թմրանյութի ազդեցության ներքո: Սա ոչ թե նախաձեռնության բոլոր անդամների, այլ նրանցից մի քանիսի վարքից Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ստացած տպավորությունն է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը վերոնշյալի առնչությամբ հուլիսի 11-ին հայտնել է.
«Ոստիկանությունը հաղորդում է ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Ոստիկանության խումբ է ուղարկվել դեպքի վայր, որտեղ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Այժմ ընթանում է հետաքննություն: Հետաքննության արդյունքում պարզ կդառնա՝ կհարուցվի քրեական գործ, թե ոչ»:
Հիշենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հիմքում դրված ու նրան ուղղված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մեղադրանքներից մեկը` վաճառել է Սուրբ Գեղարդը: Իրականությունն այն է, որ Սուրբ Գեղարդի կոթառից, առանց այն վնասելու, մի փոքրիկ մասունք մասնատվել ու նվիրաբերվել է, որը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի օրհնությամբ տեղադրվել է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանդին և Սուրբ Հեղինե վանքում:
Նախաձեռնության կամ նրա անդամներից ոմանց այդ զրպարտությունը չդադարեց նույնիսկ այն բանից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության տնօրեն, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի քարտուղար Վահրամ Քահանա Մելիքյանը դիվանատան գրավման հենց առաջին օրվանից հրապարակայնորեն ու հայտարարեց. 
«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։
Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։
Ավելին. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հիշյալ բանսարկությունը չդադարեց նաև նույն օրը` հուլիսի 6-ին, Վահրամ Քահանա Մելիքյանի ևս մեկ հրապարակային հայտարարությունից հետո. « Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»: Ի վերջո, նույն անամոթ նախաձեռնության բանսարկությունները շարունակվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ Սուրբ Գեղարդը հավատացյալների երկրպագության համար հուլիսի 7-ին իսկապես դուրս հանվեց, ի դեպ, ցուցադրվեց նաև լրագրողներին ու հանրությանը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք