Երևանցիների խնդրանքն ու հորդորն է այսօր իմ` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը․ Զ․ Փոստանջյան,tert.am


Երևանցիների խնդրանքն ու հորդորն է այսօր իմ` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը․ Զ․ Փոստանջյան,tert.am

  • 16-07-2018 11:58:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Երևանցիների խնդրանքն ու հորդորն է այսօր իմ` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
 
«Ինձ պետք է երևանցիները ընտրեն, երևանցիների կամքն ու ցանկությունն է այս նիստում քննարկվում։ Մեր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ներկայացված լինելու իմ միջոցով, և իրենց խնդրանքն ու հորդորն է սա։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- նշեց Զ․ Փոստանջյանը։
 
Հարցին, թե նախկինում բազմիցս հայտարարել եք ավագանու լուծարման մասին, ինչո՞ւ որոշեցիք այս ավագանու կողմից քաղաքապետ ընտրվել, «Երկիր Ծիրանիի» ղեկավարը պատասխանեց․ «Այս պահին լուծարվող ավագանի է, և մենք այս պահին ստանձնել ենք պարտականություն, որպեսզի մեր երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով։ Այս պահին չի գործում այն իրավական ընթացակարգը, որը նախընտրելի է բոլորիս համար, այսինքն՝ այս պահին մենք չունենք այնպիսի օրենքներ, որով կարող ենք ապահովել արդար, թափանցիկ և հավասար պայմաններում ընտրություններ։ Ձեզ համար գաղտնիք չէ, որ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, և նույն համակարգն է գործելու։ Ցանկալի կլիներ՝ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները»։
 
Ինչ վերաբերում է քաղաքապետ չընտրվելու դեպքում հետագա քայլերին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Երկիր Ծիրանին» մասնակցելու է արտահերթ բոլոր ընթացակարգերին։
 
«Սա արտահերթ գործընթաց է՝ և՛ իրավական տեսանկյունից է արտահերթ, և՛ քաղաքական տեսանկյունից։ Ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգով, իսկ արտահերթ բոլոր ընթացակարգերին մենք մասնակից ենք լինելու որպես քաղաքական ուժ, մասնավորապես, ես որպես քաղաքապետի թեկնածու»,- հայտնեց նա։
 
Հակոբ Ասլանյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը