«Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցն ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը


«Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցն ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը

  • 16-07-2018 13:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։
 
Ամփոփիչ միջոցառումն անցկացվեց Հանրապետության հրապարակի հարակից այգում և բաց էր բոլորի համար։ Այն նպատակ ուներ դպրոցի սաների օգնությամբ երեխաներին և մեծահասակներին ներկայացնելու արհեստական բանականության կիրառությունն արվեստում ցուցադրության, տեսանյութերի ու տեղեկատվական այլ նյութերի միջոցով։
 
Տարածքը բաժանված էր առանձին տաղավարների և յուրաքանչյուր հատվածում արհեստական բանականության կիրառության մասին տարաբնույթ տեղեկատվություն էր ներկայացված։ Մասնավորապես, մի հատվածում ներկայացված էին իրական պատկերներ, որոնց վրա աշխատում էին դպրոցի տաղանդաշատ աշակերտները և տեղում ճեպանկար-դիմանկարներ պատկերում։ Մեկ այլ հատվածում հնարավոր էր գտնել աշակերտների ձեռքերով պատրաստված արհեստական բանականությամբ ստեղծված և արվեստի գործերի նմանությամբ հուշանվերներ։ Եվս մեկ հատված էլ նվիրված էր վիկտորինային, որը անցկացվում էր միջոցառման ֆեյսբուքյան էջում հրապարակված հետաքրքրաշարժ նորությունների շրջանակում։
 
Միջոցառման ֆեյսբուքյան էջում էլ ցանկացողները կարող էին մասնակցել մրցույթի՝ նախապես ուղարկելով իրենց պատուհանից բացվող ամենագեղեցիկ տեսարանի նկարը։ 
 
Կազմակերպիչների ընտրությամբ թվով հինգ նկար արհեստական բանականության միջոցով մշակվել էին «Այբ» դպրոցի աշակերտների գեղանկարների ոճով և հաղթող հեղինակներին հանձնվեցին բացօթյա միջոցառման ընթացքում։
 
Նախագիծը կարևորվում էր առաջին հերթին այն պատճառով, որ ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։
 
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեցին «Ռոստելեկոմ» Հայաստանի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը և «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը:
 
«Արհեստական բանականությունը հանդիսանում է ոչ միայն դպրոցահասակներին, այլ նաև մեծահասակներին հետաքրքրող տեխնո նորույթներից, որը շարունակ զարգացում է ապրում՝ մուտք գործելով մեր առօրյա։ «Ռոստելեկոմ»-ի կողմից շատ կարևորվում են նախագծերը, որոնք հանրությանը իրազեկում են ու ծանոթացնում նորագույն տեխոնոլգիական լուծումների հետ՝ հնարավորություն տալով տեսնելու դրանք կիրառության մեջ։ Ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում արդեն իսկ կա դպրոց՝ «Այբ» դպրոցը, ուր ոչ միայն դասավանդում և սովորեցնում են տեխնոլոգիաներ, այլ երեխաներին հնարավորություն է ընձեռված կիրառելու այդ գիտելիքները, հասկանալու աշխատանքի մեխանիզմն ու սեփական փորձով կիսվելու հասակակիցների ու հանրության հետ»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վալերի Ռուսակովը։
 
Ցուցահանդեսի հեղինակները դպրոցահասակ երեխաներ էին, որոնց հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե այսօր արդեն տեխնոլոգիաներն ինչ դեր ունեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։
 
«Արհեստական բանականությունն արդեն մտել է մեր կյանք։ Սա է մարդկության ապագան, և մենք չենք կարող անտեսել այս փաստը, այլ պետք է կարողանանք գտնել նորանոր ճանապարհներ՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, գտնել կիրառության նոր  ոլորտներ։ Տեխնոլոգիաներն «Այբ» դպրոցում ամենուր են։ Մեր աշակարտները տարրական դասարաններից սկսած ուսումնասիրում են ծրագրավորում ու ռոոբոտաշինություն։ Եվ արդեն ավագ դպրոցում նրանք կարողանում են կյանքի կոչել այսպիսի լայնամասշտաբ նախագծեր։ Դրանցից մեկի արդյունքները դուք տեսնում եք այսօր «Բարև ապագայից» միջոցառման շրջանակում։ Ուրախ եմ և հպարտ, որ մեր դպրոցի սաներն իրենց ղեկավարի հետ կարողացել են կյանքի կոչել նման բարդության նախագիծ։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռոստելեկոմ»-ին երեխաներին աջակցելու, նրանց կողքին կանգնելու և այս նախագիծը հովանավորելու համար: Առանձ ձեզ, առանց մեր բարերարների ու աջակիցների,  նման նախագծեր իրականացնելն անհնար կլիներ»,- նշեց Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը։
 
Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել էր դեռ մայիս ամսին, երբ «Ռոստելեկոմի» հետ համատեղ «Այբ» դպրոցում անցկացվեց կլոր սեղան-քննարկում, որն ուղեկցվեց նաև արհեստական բանականության կողմից մշակված պատկերների ցուցադրությամբ։
«Ռոստելեկոմ»-ը, լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել էր «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած «Բարև ապագայից» նախագծին՝ մեծապես կարևորելով տեխնոլոգիաների միջազգային զարգացումների վերաբեյալ հանրային իրազեկման նմանօրինակ միջոցառումների իրականացումն ու տեխնոլոգիական մտածողության սերմանումը հատկապես երիտասարդների շրջանում։
 
«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները ներկայացրին «Բարև ապագայից» նախագիծը, որի շրջանակում ցուցադրվեցին արհեստական բանականության միջոցով ստեղծված ու մշակված արվեստի գործեր։ 
 
Ցուցահանդեսին զուգահեռ  ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, “HiLearn”-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, “Datamotus” ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկեցին այդ զարգացման ճանապարհին մարդկանց դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։ Ավելի ուշ միջոցառման տեսաձայնագրությունը տեղադրվեց պաշտոնական էջում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play