Ամուլսարի այս նախագիծը ճիշտ չի գնահատվել և բոլոր նրանք, ովքեր ներգրավված էին այս նախագծին աջակցելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն

Այս ամենը պետք է լուրջ հետաքննվի բոլոր մակարդակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից

16-07-2018 16:30:49   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
 
Քիմիական / բնապահպանական  ճարտարագետ Հարութ Բրոնոզյանը (ԱՄՆ) Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապակցությամբ այսօր հանդես է եկել ՀՀ կառավարությանը և ժողովրդին ուղղված բաց նամակով, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
 
«Հարգելի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյան, Փոխվարչապետ պարոն Միրզոյան, Նախարարներ և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ,
Խնդրում եմ նայել ստորեւ իմ վերջին հարցազրույցը Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ. 
Ամուլսարի վերաբերյալ մտահոգություններ և առաջարկություններ. Հարցազրույց Հարութ Բրոնոզյանի հետ (https://www.youtube.com/watch?v=9WZ8tTjjH1Q&t=923s ):
Համար մեկ բնապահպանական մտահոգությունը շարունակում է մնալ Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը, չնայած կան բազմաթիկվ այլ խնդիրներ:
Ինչու՞ ուրեմն բնապահպանության նախարարության կողմից տրված 29.04.2016-ի Լիդիանի թույլտվության մեջ թթվային դրենաժի մասին որևէ հիշատակում չկա (https://goo.gl/gTKhww):
Ամուլսարի խնդիրները ուսումնասիրելուց հետո, որո՞նք են արդյունավետ որոշում կայացնելու հիմնական գործոնները:
Ստորև չորս կարևորագույն ռիսկային գործոնները և հիմնավորումները, որոնց վրա պետք է կենտրոնանալ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապակցությամբ որոշում կայացնելու համար: Իմ գնահատականները` կարմիր տառերով:
1. Հանքային ապարների կառուցվածքը (the composition of the ore deposit): 0,75 գրամ ոսկի` մեկ տոննա հանքավայրի մեջ, թույլ: Դա նշանակում է տարածքի մեծ ավերում:
2. Լիդիանի նախկին փորձառությունը ( Lydian’s previous track record)` զրո: Լիդիանի առաջին և միակ ծրագիրը Ամուլսարն է: Այսինքն այս ընկերությունը ոչ մի վարկանիշ չունի:
3. Առկա տվյալների որակը (the quality of the information at hand)` միջինից թույլ: 12 տարիների ուսումնասիրությունից հետո Լիդիանը մինչ այժմ չունի մանրամասն և հուսալի գեոքիմիական գնահատական և թթվային դրենաժի մաքրման ծրագիր, հետևաբար` անվերահսկելի թունավորում:
4. Ռիսկի դիմելու ձեր իսկ պատրաստակամության աստիճանը (your own risk-tolerance comfort level): Զրոյական ռիսկի հանդուրժողականություն նման վայրում (տեսեք` https://goo.gl/rx1pi5 և https://goo.gl/FYwyRD ): Ռիսկերն այնքան շատ են, որ նույնիսկ անհնար է հաշվել: Զանազան վտանգավոր քիմիական նյութեր և դրանց հեռացումը, մակերեսային և ստորերկրյա ջրերի աղտոտումը տարբեր ուղղություններով, որը կարող է ներառել Ջերմուկը և Սևանա լիճը, օդի և փոշու աղտոտման դեմ արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, կեղտաջրերի մաքրման համակարգի կատարման ձախողումները, հստակ երկարաժամկետ ֆինանսական երաշխիքների չգոյությունը:
Հետևաբար ի՞նչ կարող է լինել ձեր ուղեցույցը՝ որոշելու համար, թե արդյոք՝ 
1․ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում պե՞տք է շարունակել ներդրումներ անել: Ծայրահեղ բնապահպանական և տնտեսական ռիսկեր հարյուրավոր տարիներ, կամ
2․ Ռիսկերի նվազեցման և դրական արդյունք ապահովող շանսերը բարձրացնելու ի՞նչ պլան կարող է լինել: Բարձր բնապահպանական և տնտեսական ռիսկեր հարյուրավոր տարիներ, կամ
3․ Պետք է պարզապես հետքայլ անել ու դադարեցնել ծրագիրը: Զրո բնապահպանական ռիսկեր, բարձր ֆինանսական ռիսկեր, բարձր այլընտրանքային դիվերսիֆիկացված երկարաժամկետ տնտեսական շահեր:
Իմ կարծիքը, Ամուլսար կատարած իմ այցելությունից հետո երկու միջազգային փորձագետների հետ հունիսի 21, 2018-ին այն է, թէ նախագծի միայն մոտ 40%-ը ավարտված է: Պարզապես կարդացեք հետևյալ էջերը ստորև Lydian- ի փաստաթղթից 247-262, վերանայել էջերի 248 եւ 253-ի դիագրամները և պարզել, թե ինչ հատվածներ են տեղադրվել նախագծից մինչ այժմ և ստուգել դրանք:
https://www.lydianinternational.co.uk/images/TechnicalReports-pdfs/2017/Lydian_43-101_March_30, 2017.pdf  NI 43‐101 Technical Report Amulsar Updated Resources and Reserves Armenia; Report Date: March 30, 2017
Ինչպես նաև Amulsar-ում ի՞նչ քիմիական նյութեր և ի՞նչ քանակություններ կներմուծվեն և կօգտագործվեն, ի՞նչ սարքավորումներ տեղադրված են և կօգտագործվեն դրանց պատրաստման և օգտագործման համար, և ի՞նչ վտանգավոր քիմիական նյութեր են արտադրվելու և ինչպե՞ս են դրանք կառավարվելու: Այս կերպ դուք կարող եք գնահատել ընդհանուր նախագծի քանի տոկոսը տեղադրվել է այսօր և ինչ վտանգներ կարող են առաջանալ:
Հետևաբար հաշվի առնելով բոլոր վերը նշված վտանգները և հիմնավորումները, հետքայլ անել ու դադարեցնել ծրագիրը լավագույն տարբերակն է իմ կարծիքով: Ամենամեծ երաշխավորությունը կլինի լեռանը ձեռք չտալը: Ցանկացած հանքարդյունաբերություն այս վայրում անիմաստ է: Տնտեսական զարգացման այլընտրանքային պլանների մշակումը պետք էր իրականացվեր և կրկին հնարավոր է մտածել և պլանավորել այդ ուղղությամբ:
Ո՞վ պիտի պատասխանատվություն կրի այդ վնասների համար երկար ժամանակ: Ի՞նչ երաշխիքներ ունենք: Արդյոք պատրա՞ստ ենք հսկայական ռիսկերը վերցնել: Կորուստները շատ ավելի բարձր կլինեն, քան ստացված շահույթը:
Ամուլսարի այս նախագիծը ճիշտ չի գնահատվել և բոլոր նրանք, ովքեր ներգրավված էին այս նախագծին աջակցելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այս նախագծի հիմնական սխալն ու պատասխանատվությունը ընկնում է Արևմտյան բանկերին (IFC- ն հրաժարվեց), մի քանի Երկրների (Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), հայաստանյան շահամոլ ուժերի, ՀՀ Բնապահպանության նախարարության, միջազգային և հայ ներդրողների և Լիդիանի վրա, որոնք առանց պատշաճ գնահատման, ստեղծեցին, խրախուսեցին, միջամտեցին և ընդունեցին անփորձ, 2005 թվականին նորաստեղծ օֆշորային ընկերություն մը բերել Հայաստանի ջրային ռեսուրսների սիրտը: Այս ամենը պետք է լուրջ հետաքննվի բոլոր մակարդակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից:
Դե, թող ուղղեն իրանց ստեղծած սխալները և խառնաշփոթ իրավիճակը: Թող այս պատասխանատու կողմերից յուրաքանչյուրը վերցնեն այս նախագծի չեղյալ հայտարարման և դադարեցման հետևանքով կորուստների իրենց բաժինը: Ավելի լավ է հիմա կորցնել որոշ գումարներ, քան տառապել հարյուրամյակների ընթացքում:
Հայաստանը ծախու չի: Մենք ունենք երկիր կառուցելու, ոչ թե ոչնչացնելու: Այս ծրագիրը, այս վայրում, սխալ ուղու վրա է և պիտի ձախողվի հարյուրավոր տարիների կործանարար հետևանքներով:
Խնդրում եմ հաշվի առնել բոլոր վերը նշված գործոնները և հիմնավորումները:
Որոշումը ՀՀ կառավարությանը և ժողովրդինն է, թեև որքանո՞վ պայմանագրում հաշվի է առնվել ժողովրդի կարծիքը:
Ինչպիսի որոշում որ կայացնեք այս նախագծի վերաբերյալ, նրա լավ կամ վատ հետևանքները կհիշվեն երկար տարիներ առաջիկա սերունդների համար:
Եթե հարցեր կան, ես պատրաստ եմ պատասխանելու և օժանդակելու ձեզ:
 
Լավագույն մաղթանքներով`
Հարութ Բրոնոզյան
Քիմիական / բնապահպանական  ճարտարագետ, MS
2947 Հոնոլուլու պողոտա, Բ միավոր
Գլենդեյլ, Կալիֆորնիա 91214
Հեռ. (818) 248-3529; (818) 454-9572
Ֆաքս. (818) 248-6343
էլ. փոստ` [email protected]
 
Կից` արդյունավետ որոշումներ կայացնելու մասին հոդված մը, որ ինձ ուղղորդեց իմ համալսարանական տարիներից: Հուսով եմ, որ դա կօգնի նաև ձեզ:
http://uicarmenia.org/4729 Բնապահպանական տեսակետ. ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ»:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 24771 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար