Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո

17-07-2018 16:05:42   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրը՝ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից, իր ձեռքերով տնակ է կառուցել՝ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար: Նրա հավատն ու նորի նկատմամբ սպասումը երբեք չեն լքել իրեն: Ավելին, փորձել է տնակի հարևանությամբ քարե տուն կառուցել՝ ժամանակավոր կացարանն ամուր տանիքով փոխարինելու համար: Սոցիալական բեռը, սակայն, երեք տասնամյակով երկարացրել է երազանքի իրականացման ճանապարհը:
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հովհաննիսյանների նոր՝ 4 սենյականոց տան կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել. գործընկեր կառույցների կամավորները համախմբվել են՝ երկար սպասված տան շինարարությունն օր առաջ ավարտին հասցնելու համար:
 
«Չորս տարի առաջ փորձեցինք քարը քարին դնել, բայց չկարողացանք կիսակառույցը տուն դարձնել: Անգամ ինքնաշեն դոմիկին փորձեցինք տան տեսք տալ, սակայն, միևնույն է, այն դոմիկ մնաց՝ առանց տարրական պայմանների. նեղվածք՝ ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Այսօր ամեն ինչ այլ է. վերջին շտրիխներն են մնացել, որ տեղափոխվենք նոր տուն, և ես երախտապարտ եմ ձեզ՝ օգնության համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մարտինը:
 
«Դժվարություններ հաղթահարելն ավելի բարդ է, քան դրա անհրաժեշտության մասին խոսելը: Կարծում եմ, որ նորություն չեմ ասում և շատերը գիտեն այդ ամենի մասին: Սակայն, երբ անհրաժեշտ է լինում անցնել փորձությունների միջով, իրավիճակը բացահայտում է, թե ով ինչպես է արձագանքում խնդիրներին: Շատ կարևոր է՝ խնդիրների լուծման ճանապարհն անցնել արժանապատիվ և չկորցնել կամքն ու վճռականությունը: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտանիքին դա հաջողվել է: Տրտնջալու և հարմարվելու փոխարեն, նրանք ընտրել են ստեղծելու, ձգտելու ճանապարհը: Մենք՝ կամավորներս, ուրախությամբ միացել ենք ընտանիքին, օր առաջ նրանց երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աշխատում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Շիրակի մարզում յոթ տուն ենք կառուցել, որից մեկը սա է՝ Գյումրիում: Զարմանալի է, թե երկրաշարժից հետո, 30 տարի տնակում ապրելով, ընտանիքը հոգու ինչ տոկունություն է ունեցել: Դրա պարգևատրումն այս արդյունքն է. ուրախ ենք արձանագրել, որ հերթական ընտանիքը վերջապես, բարեկարգ տուն կունենա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
Գործընկեր կազմակերպությունների կամավորներն օգնել են կատարել մայթերի բետոնապատման աշխատանքներ: Մեկ-երկու ամսից Հովհաննիսյանները կտեղափոխվեն նոր տուն:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար