Շարունակվում են իրականացվել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները


Շարունակվում են իրականացվել Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները

  • 17-07-2018 17:03:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման ու ներկման աշխատանքները: Այս առումով  հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների որակը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին: Անդրադառնալով ընթացիկ տարվա ծրագրով իրականացվող վթարային շքապատշգամբների նորոգման խնդրին՝ Կամո Արեյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դրանք համարվում են բնակարանների տերերի սեփականությունը և, ըստ այդմ, պետք է նորոգվեն հենց այդ բնակարանների սեփականատերերի կողմից: Սակայն, հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, որպես բարի կամքի դրսևորում և բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետարանն ամեն տարի միջոցներ է հատկացնում այս ծրագիրն իրականացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարվել է բնակիչներին մեկ անգամ ևս իրազեկել, որ այդ աշխատանքներն իրականացվում են բացառապես բարի կամքի դրսևորման, այլ ոչ թե իրավական պարտավորության շրջանակում: Սրա հետ մեկտեղ հանձնարարվել է նաև ընթացիկ աշխատանքները պահել մշտական հսկողության տակ:
 
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում շարունակվում են  բարեկարգման, տեղադրված գույքի վերանորոգման, անհրաժեշտության դեպքում դրանք նաև նորերով փոխարինելու աշխատանքները:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է խստացված հսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է նաև, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Այս ուղղությամբ հանձնարարվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ շարունակել հսկողությունն ու բացատրական աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ հուլիսի 8-ին վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերի հարակից տարածքից երկրորդ հերթափոխով ճամբարներ են մեկնել երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների 425 երեխաներ: Հիշեցնենք, որ 3 փուլով անցկացվող ամենամյա ծրագրով  այս տարի մարզաառողջարանային 5 ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյային և հանգստի պայմաններին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն