Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող հարցեր


Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող հարցեր

  • 17-07-2018 17:13:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է ոլորտում գործունեություն ծավալող մոտ 50 հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Երկու իրար հաջորդած և երեք ժամից ավել տևած հանդիպումների ժամանակ մասնակիցները բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ներկայացրել առաջարկներ։ 
 
Հանդիպման առաջին մասում բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականության սկզբունքները, բարեփոխումների հիմնական ուղղությունները և նախատեսված միջոցառումները: Պատասխանելով հնչած հարցադրումներին՝ նախարար Գրիգորյանը  ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի՝ նախարարության լիազորությունների շրջանակներին վերաբերող գործընթացները, Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի ուղղությամբ կատարվող քայլերը, կիսաազատ և անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի օրենսդրական կարգավորման նպատակով իրականացվող միջոցառումները։
 
Հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներին ներկայացվել է նաև հանքշահագործման բնապահպանական ռիսկերի նվազեցմանը և հետևանքների վերացման միջոցառումները, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի ու ՇՄԱԳ գործընթացի կատարելագործմանը և անտառային ոլորտի բարեփոխումներին միտված միջոցառումները։
 
  Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Գալստյանն առաջարկել է  ընդունվող իրավական նորմերը վաղ փուլում դնել հանրային քննարկման և մշակել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ: Բնապահպանության նախարարը նկատել է, որ բոլոր իրավական փաստաթղթերի նախագծերն ըստ գործող կարգի անցնում են հանրային քննարկում և անհրաժեշտության դեպքում հասարակությանը կներգրավվի նաև դրանց մշակման ավելի վաղ փուլերում: 
 
  Հանդիպմանը ներկա Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչների բարձրացրած Արմօյլ ՓԲԸ-ի գործունեության հարցի առնչությամբ Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ այս փուլում Բնապահպանության նախարարությունը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ ներկայացված յուղի և բիտումի արտադրամասերի կառուցման տեխնիկական փաստաթղթերը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով վերադարձրել է լրակազմման:
 
  Նույն օրը բնապահպանության նախարարի մոտ կազմակերպված մեկ այլ՝ Մտավորականների խորհուրդ  կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հանքշահագործման վերաբերյալ նրանց բարձրացրած խնդիրները և ոլորտում Բնապահպանության նախարարության գործառույթների շրջանակներում իրականացվող միջոցառումները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն