Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ․ԿԳՆ


Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ․ԿԳՆ

  • 17-07-2018 18:30:09   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
 
ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին` Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, սակայն կրթության որակի բարելավման ուղղությամբ դեռևս լուրջ մարտահրավերներ կան: Ներկայացնելով  կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ ԿԳ նախարարը նշել է, որ ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում՝ մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, հանրակրթական ծրագրերի, դասագրքաստեղծ գործունեության, փոքրաթիվ դպրոցների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում:
 
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը, որի արդյունքում ակնկալում են ունենալ անկախ, ազատ, քննադատական և վերլուծող մտածողությամբ շրջանավարտ: Այս փուլի համար նա վերոնշյալ ոլորտից առանձնացրել է գյուղական համայնքների փոքրաթիվ դպրոցների արդյունավետ կառավարման խնդիրը, որի կարգավորման համար մշակվում է նոր մոդել՝ կրթամշակութային կենտրոնների ձևաչափով, որը հնարավորություն կտա գյուղական համայնքներում միաժամանակ մեկտեղել նախակրթարանի, դպրոցի և մշակութային կենտրոնի գործառույթները:
 
ԵՄ դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության համատեքստում  կարևորելով կրթության ոլորտին տրամադրվող աջակցությունը` շեշտել է, որ կրթական գերատեսչության ղեկավարությունից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում: ԵՄ դեսպանն իր գոհունակությունն է արտահայտել կրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող  նոր կառավարության քայլերի առնչությամբ:
 
 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացմանը, կրթության համակարգին տրամադրվող պետական միջոցների արդյունավետության բարձրացմանը, գիտության ոլորտին,  մասնավորապես՝ «Հորիզոն 2020» ծրագրին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնմանը վերաբերվող այլ հարցերի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play