Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը

17-07-2018 18:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը: 
Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
 
Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության, 
Սիրելի ներկաներ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական-հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով:
Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս և մեր հետագա սերունդներին: 
Այս արարողությունը, սիրելիներ, առիթ է ընծայում մեզ նաև անդրադառնալու և  կարևորելու, որ ցեղասպանության նախճիրի միջով անցած մեր ժողովուրդը, առ Քրիստոս հավատքով, հարության անպարտելի հույսով կարողացավ վերագտնել իր քաջության ոգին և իր արի զավակների շնորհիվ, որոնցից մեկն էր Արամ Մանուկյանը, կերտեց իր նորագույն պատմության հաղթանակները: Մեր պատմության կարևոր դրվագներից է Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանի հանդիպումը Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, երբ Մայր հայրենիքի պաշտպանության վճռականությունը ստանձնած նվիրյալ հայորդին ականատես եղավ նաև աննահանջ հոգևոր ուժին Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի: Միասնական կամքով պայքարի ելած մեր ժողովուրդը հաղթանակեց՝ պաշտպանելով իր գոյության, հայրենի հողի վրա ապրելու ու արարելու իր արդար իրավունքը: Արամ Մանուկյանը կարճ կյանք ունեցավ, բայց այն ամբողջությամբ ընծայեց պայծառ ու հզոր Հայաստանի, բարգավաճող իր ազգի, առաջընթաց հայ կյանքի վառ տեսլականի իրագործմանը:
Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, մենք կոչված ենք Արամ Մանուկյանի, Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքները իրականություն դարձնելու, ընթանալու դեպի նորանոր իրագործումներ ու արարումներ՝ հանուն հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի երջանկության, բարօրության ու բարգավաճման: 
Այս հիշարժան առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք հայտնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին, ինչպես նաև՝ բարերարներ Աշոտ Թունյանին և Գաբրիել Չեմբերջյանին, քանդակագործ Դավիթ Մինասյանին: 
Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր և միշտ. ամեն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար