Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին․168.am


Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին․168.am

  • 17-07-2018 18:51:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ղարաբաղի հարցում իրավիճակն այս պահին բավականին պարզ է. Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ հայտարարություն է արել, որ քանի դեռ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում և նպատակ հռչակում Երևանի գրավելը, իրենց հետ խոսելիք չկա, եթե Արցախի հարցում պայմանավորվելու բան ունեն, թող գնան Արցախի իշխանության հետ պայմանավորվեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր իրավիճակն Արցախի հարցում, և ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման համար։

Ըստ նրա՝ այս նոր սխեման համահունչ է նաև միջազգային ներկայիս իրավիճակին։ Ս.Դանիելյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խոսելու այլ թեմա այժմ չկա. «Եթե Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմ սկսել, 20-հազարանոց զորավարժություններ էր արել, թող սկսեր։ Եթե չի սկսել, դա արդեն իր խնդիրն է։ Իրենց հետ խոսելու բան այլևս չկա, եթե իրենք իրենց դիրքորոշումը շարունակում են։ Այս առումով թե ի՞նչ խորհուրդ կարող է տալ Տեր-Պետրոսյանը, առավել ևս այս նոր իրավիճակում, ինձ համար անհասկանալի է՝ հաշվի առնելով իր նախկին գիծը, որ ցանկացած գնով անհապաղ հաշտություն պետք է կնքել, այդ թվում՝ տարածքներ վերադարձնելով»։

Դիտարկմանը, որ 2016թ. ապրիլյան դեպքերից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հանդիպել էր Լ. Տեր-Պետրոսյանի հետ, Ս.Դանիելյանը պատասխանեց, որ ՀՀ առաջին և երրորդ նախագահների դիրքորոշումները կարդինալ ձևով տարբեր էին, որովհետև Սերժ Սարգսյանը չէր ասում՝ անհապաղ ամեն գնով գնալ բանակցությունների, և խնդիրը հետևյալն էր՝ պետք է ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանը ճանաչեր Արցախի իշխանությունը, որից հետո քննարկվեր տարածքների հարցը։ Ըստ քաղաքագետի՝ եթե կտրականապես որևէ բան մերժում ես, բանակցությունները վերջանում են. «Դա էր Սերժ Սարգսյանի ասածը։ Իմ կարծիքով՝ այդ գիծը տարբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գծից՝ սկզբում՝ հանձնել, հետո՝ կարգավիճակի շուրջ բանակցել»։

Ս.Դանիելյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ի թվիս այլ շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպումների, և առավելապես նպատակ ուներ հանրության դժգոհությունը մի քիչ մեղմել։

Հարցին, որ Արցախի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականին հանրությունն իր գնահատականը տվեց 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀԱԿ-ը չհաղթահարեց նվազագույն անցողիկ շեմը, այսօր ի՞նչ տեղ ունի այդ տեսլականը, Ս.Դանիելյանը պատասխանեց, որ ամեն մեկը սահմանադրորեն իրավունք ունի իր տեսակետը հնչեցնելու, իսկ թե փոխվե՞լ է արդյոք հանրության վերաբերմունքը, կերևա մոտ ժամանակներս սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play