Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը


Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը

  • 18-07-2018 16:02:14   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: 
 
 Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը:
Նախարար Գրիգորյանը գործընկերներին մաղթել է ծրագրի իրականացման հաջող ընթացք և հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու և հպարտանալու ևս մեկ առիթ կլինի: 
«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության և կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատել է թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ  ծրագրի իրականացման հետագա փուլերը ևս հաջողությամբ կընթանան:
Նշենք, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ•ժամ էլեկտրաէներգիա: 
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):
     
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Հեռ՝.+374 (0)11 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play