Սևանա լճում այս տարի կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ է եղել, դրանց մի մասը թունավոր է, սկսվել են հետազոտություններ (տեսանյութեր)



18-07-2018 23:36:12   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
 
«Մարտունու շրջանում Սևանի գրեթե ամբողջ ափը այս վիճակում է։ Էս ի՞նչ է, ո՞վ է տեղյակ…». օրերս իր ֆեյսբուքյան էջում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի կատարած այս գրառումը տեղիք է տվել լուրջ անհանգստության նրանց շրջանում, ովքեր մտահոգված են Սևանա լճի ճակատագրով: Բնապահպանի այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանին:
Ըստ վերջինիս, ինքն այսօր չի կարող միանշանակ գնահատել` իրավիճակը տագնապային է, թե ոչ, դրա համար ուսումնասիրություններ են պահանջվում, որոնք այժմ արդեն կատարվում են:
«Բարեբախտաբար, մեր կոլեգաներն էլ Ռուսաստանից ժամանել են երեկ, և համապատասխան մասնագետները կան, այսօր նավը դուրս է եկել, այդ ուսումնասիրությունները կկատարվեն և կարձագանքվի, կորոշվի ինչն է պատճառը: Դա ծաղկում է, որն ամեն տարի այս ժամանակ, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, ունենում ենք` կախված կլիմայական փոփոխություններից: Գիտեք, որ այս տարի տաք ձմեռ էր և մի քիչ ավելի տաք ամառ է, որը բերել է այդ ջրիմուռների ծաղկմանը: Մեր կարծիքով, այս ժամանակ կապտականաչ ջրիմուռների ծաղկում է տեղի ունենում, որոնց որոշ մասը, ոչ բոլորը, թունավոր են: Դրա համար պետք է կատարել ուսումնասիրություններ, որի արդյունքում պետք է նայենք, թե որ մասն են կազմում այդ թունավոր և ոչ թունավոր ջրիմուռները: Բայց ուզում եմ ասել, որ այստեղ ինչ-որ արտառոց երևույթ ես չեմ տեսնում, ուղղակի, ինչպես նշեցի, ավելի տաք եղանակների պատճառով ավելի բուռն է այդ ծաղկումը տեղի ունեցել, սակայն ավելի ստույգ պատասխաններ մենք կտանք համապատասխան ուսումնասիրություններից հետո, երևի թե մեկ շաբաթից արդեն պարզ կլինի ինչ է»:
Ի տարբերություն գիտնականի, որը լճի էկոլոգիական վիճակի տագնապային լինելու հարցում դեռևս վստահ չէ, մենք պնդում ենք, որ Սևանա լճի ներկայիս վիճակը տագնապային է ու թերևս նաև արտառոց: Ինչո՞ւ…
Ճիշտ է, նախկինում էլ, տարբեր տարիների ամռանը Սևանա լճում փոքր թե մեծ չափով կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի ունեցել է: Սակայն, 2018թ. ամռանն իր այս կամ այն մասով թունավոր (թե ո՞ր մասով, ըստ պարոն Գաբրիելյանի, կպարզվի առաջիկա ուսումնասիրությունների արդյունքում) հիշյալ ջրիմուռների աճը տարբեր պատճառներով ավելի արագ ու բուռն է տեղի ունեցել և ունենում, այն ավելի ծավալուն, ընդգրկուն բնույթ ունի: Մեծ Սևանում, որտեղ ջրի խորությունը փոքր է և ջուրն ավելի տաք, կապտականաչ ջրիմուռների ծաղկումը գրեթե համատարած է: Խնդիրն այն է, որ մի քանի խիստ բացասական գործոններ համընկել են. նախորդած խիստ տաք ձմեռը, ապա ներկայիս խիստ շոգ ամառը (դեռ պետք է պարզել, թե ընդհանրապես եղե՞լ են ձմռան և ամռան առաջին կեսի միջին ջերմաստիճաններով իրար հաջորդած այդպիսի տարիներ, և եթե այո, ո՞ր թվականներին), 2017թ.վերջի  տվյալով Սևանա լճի մակարդակի անկումը թույլատրելիից և նախատեսվածից ավելի, ինչն, իր հերթին, նույնպես պատճառ է լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման և կենսաքիմիական բացասական գործընթացների, համակարգային կոռուպցիայի ու բարձիթողի վիճակի պայմաններում կատարվող զանգվածային ձկնագողության արդյունքում լճում ձկան և խեցգետնի պաշարների ահռելի կրճատումը ու դրա հետևանքով ձկան ու խեցգետնի կողմից չսպառված կերի` օրգանական նյութի հսկայական զանգվածի ավելցուկի առաջացումը, դրա քայքայումը հատակում, ֆոսֆորի, ազոտի, թերևս նաև այլ նյութերի առաջացումը, որոնք նպաստում են կապտականաչ ջրիմուռների ծաղկմանը ու դրանց զանգվածի աճին, լճի աղտոտումը մի շարք այլ պատճառներով, որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:
«Ասեմ, որ այս հարցը կարելի է, իհարկե, կապել նաև ջրի մակարդակի հետ, որը շատ ավելի կարևոր է,- ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:- Այսինքն` եթե մենք ունենում ենք ջրի ծավալի մեծացում, համապատասխան այդ ջերմաստիճանը` միջին կամ նույնիսկ սեզոնային, ավելի ցածր է լինում, համապատասխանաբար այդ ծաղկումը կամ ծաղկման պրոցեսներն ավելի այսպես բուռն չեն արտահայտվում… Ցավոք սրտի, մենք, ինչպես գիտենք, այս տարվա հունվարի 1-ով ունեցել ենք իջեցում, ինչի մասին մենք նախազգուշացրել ենք, որ այդ իջեցումը, եթե կրկնվի մի քանի տարի, մենք կունենաք ավելի վատ վիճակ, քան եղել է»:
 
Հուլիսի 18-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաև առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ‰ ֆեյսբուքյան խմբում։
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3999 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար